Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը Երևանի Սայաթ-Նովայի փողոցում գործող «Կոնվերսբանկի» մասնաճյուղից գումար է հափշտակել ու փախել: Ահազանգով մեկնած քրեական հետախույզները, փորձագետներն ու քննիչները պարզեցին, որ ժամը 11-ն անց 5-ի սահմաններում մի տղամարդ գործարք կատարելու պատրվակով մտել է բանկ ու թղթի վրա արված գրառումով սպառնացել կառավարչին՝ պահանջելով գումար: Փողը ստացել ու հեռացել է:
Հարուցվեց քրեական գործ՝ ավազակային հարձակման հատկանիշներով: Պարզվեց վնասի չափը՝ 200 հազար դոլարին համարժեք գումար: Օպերատիվ-հետախուզական ու քննչական մարմինները սկսեցին անհրաժեշտ միջոցառումները՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը հայտնաբերվեց Չեխովի փողոցում հոկտեմբերի 14-ի գիշերը:
1983 թ. ծնված Արսեն Գրիգորյանին, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանին և 1983 թ. ծնված Մարատ Գալստյանին իրավապահները հայտնաբերեցին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում՝ հոկտեմբերի լույս 15-ի գիշերը:
Երևանի բնակիչ Դավիթ Գրիգորյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով փաթեթ: Կանեփանման զանգվածով փաթեթ հայտնաբերվեց նաև Երևանի բնակիչ Արսեն Գրիգորյանի խուզարկությամբ: Երևանի բնակիչ Մարատ Գալստյանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երկու փաթեթ:
Բերման ենթարկվելու օրը՝ հոկտեմբերի 15-ին, խուզարկվեցին նաև Մարատ Գալստյանի տունն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվեց գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան և «Կալաշնիկով» ինքնաձիգի նմանվող հրազեն՝ առանց գործարանային համարի:
Նույն օրը խուզարկվեցին նաև Երևանում ապրող Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվեց կանեփանման զանգված, «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվեց, գողացված են: Խուզարկություններով հայտնաբերվածն ուղարկվեց ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական ու դատաքիմիական փորձաքննության:
Դավիթ և Արսեն Գրիգորյանները, Մարատ Գալստյանն ու Աշոտ Մանուկյանը ձերբակալվեցին:
Ձեռնարկված հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է խմբի մյուս անդամի ինքնությունը՝ 1988-ին ծնված Պյոտր Ցիգանկով:
Քննությամբ պարզվում են դեպքի հանգամանքներն ու կասկածյալներից յուրաքանչյուրի դերակատարումը:
Պյոտր Ցիգանկովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատվություն տրամադրողի գաղտնիությունը երաշխավորվում է: