կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-19 18:57
Իրավական

Պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները

Պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել են 2015թ. փետրվարի 22-ին Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում  տաքսի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 34-ամյա քաղաքացին փետրվարի 22-ի առավոտյան՝ ժամը 08։00-08։30-ի սահմաններում, «Գարեգին Նժդեհ» հրապարակում վիճել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ՝ ավտոմեքենան խախտումներով վարելու համար։ Ապա Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում, դանակի գործադրմամբ, նույն տաքսու վարորդի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել է թևնոցը, 13.000 ՀՀ դրամ ու հեռացել։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչը հաստատվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: