կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-07 15:14
Իրավական

Նորատուսցի Ալիկին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Նորատուսցի Ալիկին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով առաջին դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի նկատմամբ կիրառվել է գրավ:

Այսօր դատարան էին բերվել այս գործով ամբաստանյալներից երկուսը՝ Չարբախցի Գեղամն ու Բդոն: Մյուս ամբաստանյալի ներկայությունը դատական նիստին հնարավոր չէր եղել ապահովել:

Այսօրվա նիստում հայտնի դարձավ, որ դեռևս օգոստոսի 27-ին Ալիկ Բանդուրյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղից էլ բուժումը շարունակելու նպատակով` «Աստղիկ» ԲԿ:

Մի քանի լրագրողների հետ զրույցում Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի և եթե անհրաժեշտություն առաջանա, հնարավոր է անգամ վիրահատվի: Համաձայն «Աստղիկ» ԲԿ-ի գլխավոր բժշկի տված տեղեկանքի՝ Բանդուրյանն ի վիճակի է մասնակցել դատական նիստերին, սակայն թե ինչո՞ւ հնարավոր չի եղել նրան ներկայացնել դատարան, հայտնի չէ: Պաշտպանի խոսքով՝ Բանդուրյանն այս պահին էլ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում:

Դատարանը որոշում կայացրեց հերթական անգամ գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ճշտելու, թե ո՞րն է Բանդուրյանին դատարան չներկայացնելու պատճառը` միաժամանակ հաջորդ դատական նիստին ապահովելով նրա ներկայությունը:

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: