Փոխարժեքներ
06 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 403.03 |
EUR | ⚊ | € 424.19 |
RUB | ⚊ | ₽ 3.92 |
GBP | ⚊ | £ 512.57 |
GEL | ⚊ | ₾ 143.55 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ԱԳՆ-ն ներառել է որոշում`Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի սեպտեմբերի 6-ից:
Ըստ հիմնավորման, Ճապոնիան հանդիսանում է Արևելյան Ասիայի տարածաշրջանի զարգացած երկիր, որի համախառն ներքին արդյունքը 2016թ. կազմել է մոտ 5 տրիլիոն ԱՄՆ դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 39,000 ԱՄՆ դոլար:
Ճապոնիայի հետ Հայաստանն ունի ջերմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն: Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեց-տարի արձանագրում է դրական դինամիկա: 2010թ. ՀՀ դեսպանության բացումը Տոկիոյում և 2015թ. Ճապոնիայի դեսպանության բացումը Երևանում որակապես նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը բոլոր բնագավառներում: Առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություննեն էլ ավելի խորացնելու համար:
Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումը առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Անկախությունից ի վեր, Ճապոնիան իր զարգացման պաշտոնական օգնության ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության և այլ ծրագրերի միջոցով: Աջակցության ծրագրերի իրականացման նպատակով ուսումնասիրություններ անցկացնելու համար շատ հաճախ իրականացվում են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համապատասխան մասնագետների այցելություններ Հայաստան: Նաև՝ ճապոնացիներն աչքի են ընկնում աշխարհում հաճախ ճանապարհորդելու տեսանկյունից:
2017թ. հունվարի 1-ից Ճապոնիայի քաղացիներն ունեն ազատ մուտքի արտոնագիր կամ սահմանին այն ստանալու ընթացակարգ 172 երկիր այցելելու համար: Ճապոնիայի անձնագիրը համարվում է աշխարհում 5-րդը՝ (կիսում է տեղը նորզելանդական և իռլանդական անձնագրերի հետ) զբոսաշրջության ազատության տեսանկյունից:
Ճապոնիայի քաղաքացիները Վրաստան այցելելու դեպքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից, իսկ Ադրբեջան այցելելու դեպքում՝ մուտքի արտոնագիր ստանում են սահմանին:
Որոշման ընդունումը թույլ կտա Ճապոնիայի քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականցնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Ճապոնիայի հետ, նպաստել այդ երկրի քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն այցերի աճին: