Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում մեծածավալ հրդեհներն են։ Շատ են սրտացավ ու մտահոգություն կրող, անաչառ քննադատություն պարունակող հրապարակումները, սակայն քիչ չեն դեպքերը, երբ փորձ է արվում առիթից օգտվելով ջուր պղտորել՝ սեփական քաղաքական ձուկը որսալու համար։
Այս վերջինից էր armtimes.com կայքի և «Հայկական ժամանակ» թերթի «Արծվիկ Մինասյանը պաշտոնանկ կարվի՞․․. Վարչապետը դրա համար լուրջ հիմքեր ստացավ» վերնագրով հոդվածը։ Լրագրողի կողմից հարկավոր էր ընդամենը չնչին ուշադրություն դրսևորել և հոդվածում տեղ չէին գտնի բազում պարզունակ սխալներ և, թերևս, սխալներով հագեցած հոդվածը չհրապարակվեր: Հատուկ այդ կայքի և թերթի համար պարզաբանում ենք՝ ՀՀ ԲՆ ենթակայության ներքո գտնվող տարածքները` բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որոնք արդեն իսկ հատուկ հսկողության ներքո են գտնվում: Իսկ հաշվի առնելով հանրապետության տարածքում առկա բարձր ջերմային ֆոնը և հրդեհավտանգ իրավիճակը, դեռևս 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել էր հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն և կառավարում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է տարածքներում սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր հատուկ պահպանվող տարածքներն այդ հրամանից հետո անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի և սահմանված պարբերականությամբ նախարարության աշխատակազմ են փոխանցում հաղորդագրություններ` տարածքներում իրականացվող հակահրդեհային միջոցառումների և իրավիճակի վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական հաղորդագրություններում (http://www.mnp.am/?aid=690017.07. 2017թ, http://www.mnp.am/?aid=7022 11,08,2017թ.) նաև կոչ է ուղղվել հանրապետության քաղաքացիներին` զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաև ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից: Ընդ որում թե նախարարի հրամանը, թե կոչը հուլիսի 17-ին հրապարակվել են նաև հիշյալ կայքում (http://www.armtimes.com/hy/article/117772 )։
Ինչ վերաբերում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, ապա այն մշտապես ունի օրենքով սահմանված պահպանման բարձր ռեժիմ, տարածք մուտք գործող բոլոր ճանապարհներին տեղակայված են ուղեփակոցներ, քաղաքացիների մուտքն արգելված է, իրականացվում է շուրջօրյա խիստ հսկողություն: ՀՀ բնապահպանության նախարարի 17.07.2017 թվականի համապատասխան հրամանից հետո այդ միջացառումներն ուժեղացվել են:
Սակայն հրդեհի վտանգը բացարձակապես վերացնել հնարավոր չէ, քանի որ դրանց առաջացման պատճառները բազմաթիվ են.
մարդածին, տեխնածին, օդերևութաբանական, կենսաբանական, օպտիկական։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները 12.08.2018 թ. հրդեհի բռնկման օջախը հայտնաբերել են ժամանակին, ահազանգել այդ մասին ու փորձել մարել այն։ Սակայն ռելիեֆային բարդ տեղանքի և հրդեհին նպաստող առարկայական պայմանների (առատ խոտածածկ, չորացած խաշամ, ուժգին քամի և այլն) պատճառով հնարավոր չի եղել կանխել հրդեհի տարածումը:
Այս պարագայում, երբ իսկապես արտակարգ իրավիճակ է ու տարբեր գերատեսչությունների հարյուրավոր աշխատակիցներ պայքարում են աղետի դեմ՝ փորձել նսեմացնել որևէ կառույցի աշխատանքը կամ սեպ խրել դրանց միջև պարզապես բարոյական չէ: Դե իսկ հոդվածագրի մտացածին քաղաքական ենթադրություններն ուղղակի մեկնաբանության կարիք չունեն: