կարևոր
3277 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-28 13:12
Քաղաքական

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման դեմ Գագիկ Աղբալյանի բողոքի վերաբերյալ

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման դեմ Գագիկ Աղբալյանի բողոքի վերաբերյալ

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման դեմ Գագիկ Աղբալյանի բողոքի վերաբերյալ.

Ա. ՓԱՍՏԵՐ 1. Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2023թ․ հունիսի 16-ին ստացել է Գագիկ Աղբալյանի բողոքն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի։

2. Բանակային կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) տնօրեն Գագիկ Աղբալյանը բողոքարկում է 2023թ․ հունիսի 13-ին «Ժողովուրդ» օրաթերթում, այնուհետև armlur.am կայքում հրապարակված՝ «Նիկոլ Փաշինյանի նախկին ֆոտոլրագրողը հետաքրքրված է թանկարժեք հանգստով» վերնագրով հոդվածը։ Նա համարում է, որ այդ հոդվածում կան իրականության հետ աղերս չունեցող պնդումներ, մեկնաբանություններ, վերլուծություններ։

3. Հրապարակման համար առիթ է հանդիսացել Գագիկ Աղբալյանի ֆեյսբուքյան գրառումը զբոսաշրջային տնակի կառուցման գնի վերաբերյալ:

4. Հրապարակման նախորդ օրը՝ հունիսի 12-ին, Գագիկ Աղբալյանին զանգել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Լիդա Եղիազարյանը և հարցրել է, թե ինչ արժեն տնակները՝ պատճառաբանելով, թե իր ծանոթները տնակներ են կառուցում։ Լրագրողը մի քանի ժամ անց կրկին զանգել է և ասել, որ հրապարակում է պատրաստում այդ գրառման վերաբերյալ և կրկին հարցնում է տնակների մասին։ Գագիկ Աղբալյանը հրաժարվել է որևէ բան մեկնաբանել։

5. Դիտորդ մարմինը խնդրի կապակցությամբ էլ․նամակ է գրել «Ժողովուրդ» օրաթերթին՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով։ Օրաթերթի խմբագրության պատասխան նամակից պարզ է դառնում, որ Գագիկ Աղբալյանի անձին և տուրիստական տնակների խնդրին անդրադառնալը խմբագրության և լրագրողի համատեղ որոշումն է։

6. «Ժողովուրդ» օրաթերթի hրապարակման եզրահանգումը․ «Իսկ ի՞նչ է փոխվել ՀՀ շարքային քաղաքացու կյանքում՝ կհարցնեք դուք. ոչինչ, ուղղակի, Խաչատրյան ԳԱԳԻԿԻ փոխարեն, Աղբալյան Գագիկներն են հարստացել»: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Գագիկ Խաչատրյանի հետ համեմատությունը լրագրողն արել է երկու պատճառով՝ «նախ՝ որ անունն է համընկնում, և որ նախկինում Գագիկ Խաչատրյանն էր նման հաճույքներով հետաքրքրված, հիմա ՓԱՍՏԱՑԻ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ` Գագիկ Աղբալյանն է հետաքրքրվել մեծահարուստին հասանելի տնակներով»:

7. Հոդվածի հրապարակման օրը Գագիկ Աղբալյանը ֆեյսբուքյան մի քանի գրառմամբ անդրադարձել է հրապարակման պնդումներին, օրաթերթի 3 աշխատակիցներ նրա գրառման տակ պաշտպանել են հրապարակման ճշմարտացիությունը:

8. «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 6-ին նամակով դիմել է Դիտորդ մարմնին՝ պատրաստակամություն հայտնելով Գագիկ Աղբալյանի հետ տարաձայնությունները հարթել մասնագիտական տիրույթում՝ առանց հրապարակային դաշտ մտնելու։ ԴՄ-ն Գագիկ Աղբալյանին հեռախոսով ներկայացրել է օրաթերթի առաջարկը, սակայն Գագիկ Աղբալյանը հրաժարվել է այդ առաջարկից։

Բ. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների Էթիկական սկզբունքների կանոնագիր

1.2. Հստակորեն ու լսարանի համար հասկանալի մատնանշել այն դեպքերը, երբ խմբագրությունը, ստանալով հանրային նշանակության տեղեկություններ, օգտագործել է բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները, սակայն չի կարողացել ճշտել փաստերը:

1.4. Փաստերի և տեղեկությունների շարադրանքը հստակ սահմանազատել կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից:

1.5. Վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա:

1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի և սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս:

4.1. Պաշտպանել մարդկանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, բնակարանի, սեփականության, առողջության և նամակագրության նկատմամբ:

6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից:

6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, և պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում:

6.4. Քաջալերել հանրությանը՝ արտահայտել ԶԼՄ-ների նկատմամբ իրենց քննադատական վերաբերմունքը, պատրաստ լինել լրագրողական էթիկայի հարցերի շուրջ հասարակության հետ երկխոսության:

Գ. ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

  •  «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Լիդա Եղիազարյանը ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանի հետ առաջին հեռախոսազրույցում պատշաճ կերպով չի ներկայացել որպես լրագրող։ Նա փորձել է կիրառել լրագրողական հետաքննության բարդ հնարք, որը, սակայն, իրականացրել է մակերեսային և ոչ պրոֆեսիոնալ կերպով։
  • «Ժողովուրդ» օրաթերթը խախտում է Կանոնագրի 4․ 1․ կետը՝ պաշտպանել մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ներառյալ՝ հարգանքն անձնական և ընտանեկան կյանքի, սեփականության նկատմամբ: «Ո՞ւմ հետ է պատրաստվում ռոմանտիկ երեկո անցկացնել Աղբալյանը. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի համա՞ր է փնտրում թանկարժեք «վրանը», որ Տավուշի անտառներում դնեն…» հարցը ձևակերպելիս հեղինակը չի հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա: Գագիկ Աղբալյանին և Արմեն Մելիքբեկյանին անվանարկելու մտադրությամբ այս երկիմաստ հարցը ոտնձգություն է նրանց անձնական կյանքի դեմ:
  • Հրապարակման մեջ բերված մտացածին ենթադրություններին, մշուշոտ ակնարկներին հետևում են աներկբա եզրահանգումներ, որոնց համար չեն ներկայացվում ապացույցներ, հիմնավոր փաստարկներ, ինչը Կանոնագրի 1․ 4․ կետի խախտում է։ Այս հանգամանքն ունի մանիպուլյացիոն հատկանիշներ, որոնք կանխակալ և բացասական երանգ են հաղորդում հրապարակման գործող անձին։
  • Լրագրողի անձնական կարծիքը, ենթադրությունը, համոզմունքը միահյուսված է որպես փաստ ներկայացվող իրողություններին, ինչը Կանոնագրի 1․ 5․ կետի խախտում է, և ներկայացվում է որպես անառարկելի ճշմարտություն՝ վերաճելով մեղադրանքի ու պարսավանքի։
  •  Գնահատելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Գագիկ Աղբալյանի բողոքի առնչությամբ ԴՄ հետ գործակցելու պատրաստակամությունը, Դիտորդ մարմինը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությանը հորդորում է` որպես բարի կամքի դրսևորում կառուցողական երկխոսություն վարել և՛ այս, և՛ այլ նմանատիպ տեղեկատվական վեճերի պարագայում, փնտրել և գտնել էթիկական նորմերի խախտումները վերացնելու արդյունավետ ուղիներ։