Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։
Hraparak.am-ը Բորիս Ավագյանի կնոջ` Էլեն Ավագյանի միջոցով կապ է հաստատել նրա հետ, գրավոր հարցեր փոխանցել և ստացել գրավոր պատասխան։
Ավագյանը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, և խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի և նրա բանդայի դիմակը»:
«Վերջապես կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա և պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ:
Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար: Ես, ինչպեսև մեր հարյուրավոր հայրենակիցները, այդ պահին հավատացել եմ փաշինյանական բանդայի ստերին և օգնել նրանց, բայց 6 ամիս անց գիտակցեցի, որ այդ գումարները նրանք յուրացնում են, և անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրի այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:
Ես ձերբակալվեցի 72 ժամով՝ որպես հանցակից, և ազատ արձակվեցի միայն իմ ներկայացրած բոլոր փաստերի ստուգումից հետո: Քանի դեռ ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն էր, հետաքննություն էր ընթանում, որի շրջանակում հարցաքննության էին հրավիրում Շուշանիկ Ներսիսյանին։ Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն էր պահանջում Փաշինյանից, բայց այդպես էլ չստացավ համաձայնություն, այլ հրահանգ ստացավ՝ արգելելու Հայաստանից իմ ելքը, որպեսզի ես չհրապարակեմ այնպիսի տեղեկատվություն, որը կպատռեր փաշինյանական բանդայի անդամների դիմակները:
Իսկ երբ Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից, քրեական գործն արագ կարգով փոխանցվեց ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որպեսզի մաքսիմալ կասեցվի Շուշանիկ Ներսիսյանի և նրա կոռուպցիոն սխեմաների հետաքննությունը», - նշված է Բորիս Ավագյանի գրավոր պատասխանում։
Նա նշել է, թե ստիպված է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ այն բռնատիրական ռեժիմը, որը սահմանել է Փաշինյանը Հայաստանում, միտված է նրան, որ քրեական գործեր սարքվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր համարձակություն են ունենում Փաշինյանի մասին ճշմարտությունն ասելու:
«Ես խոստանում եմ սկսել հրապարակումների շարք, որով կպատռեմ Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը», - գրել է Բորիս Ավագյանը։