Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Քիչ առաջ շրջանառության մեջ դրվեց իմ, պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Էդմոն Մարուքյանի և Շուշան Սարդարյանի կողմից հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի նպատակն է առավելագույնս ապահովել դատավորների կարգավիճակի միասնականությունը՝ բացառելով որևէ դատավորի չարդարացված առավելությունների վերապահումը:
Մասնավորապես, դատավորների ծանրաբեռնվածությունը հավասարակշռելու համար առաջարկվում է դատարանների նախագահների, Արդարադատության խորհրդի և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի և ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորների համար նախատեսված մինչև 25 տոկոս արտոնությունը սահմանափակել` տրամադրելով միայն 5 տոկոս արտոնություն:
Այս փոփոխության արդյունքում բոլոր դատարանների նախագահներին կհանձնվեն 5 տոկոս պակաս քանակի գործեր նույն դատարանի այլ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների համեմատ, իսկ Դատարանների նախագահների խորհուրդը այլևս չի սահմանի գործերի հանձնման տոկոսաչափեր: Արդյունքում կվերանա ներկայումս ստեղծված այն իրավիճակը, երբ Դատական օրենսգրքի մի քանի կարգավորումների համակցված կիրառման արդյունքում Դատարանի նախագահը օգտվում է 75, 95 կամ 90 տոկոս արտոնությունից և նրան հանձնվում է ընդամենը 25, 5 կամ 10 տոկոս գործեր:
Ասվածը ակնառու է դառնում թվային ցուցանիշներով՝ օրինակ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատարանի նախագահը իր վարույթում ունի 35 գործ, իսկ նույն դատարանի մեկ այլ դատավորի հանձնվում է 1069 գործ: Կամ երբ քաղաքացիական գործեր քննող դատավորին հանձնվում է 1029 գործ, ինչպես նաև 333 մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող միջնորդություններ և դատական հանձնարարություններ, իսկ նույն դատարանի քրեական գործեր քննող դատավորին հանձնվում է 85 գործ և 392 մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող միջնորդություններ և դատական հանձնարարություններ:
Նախագծի նպատակը հենց այս անհամապատասխանությունը առավելագույնս հավասարակշռելն է, որը բնականաբար ազդեցություն կունենան գործերի քննության ժամկետների և առհասարակ արդարադատության որակի վրա: Առաջարկվում է պատահական բաշխման կարգով հանձնել նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում ներկայացվող, ինչպես նաև այլ միջնորդությունները, այդ թվում՝ այլ պետությունների իրավասու մարմիններից ստացված դատական հանձնարարությունները, որոնք ներկայում բաշխվում են դատարանի նախագահի կողմից՝ այս կերպ բացառելով սուբյեկտիվ միջամտությունները և ապահովելով դատավորների անկախությունը: