կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 21:17
Քաղաքական

«Հայրենիք»-ՀՅԴ-ԲՀԿ միասնական հանրահավաքը չի բացառվում. նպատակն առավել լայն համախմբում ստեղծելն է

«Հայրենիք»-ՀՅԴ-ԲՀԿ միասնական հանրահավաքը չի բացառվում. նպատակն առավել լայն համախմբում ստեղծելն է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռ վերջնական չեն որոշել՝ երբ տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի հայտարարած հանրահավաքը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե հանրահավաքի անցկացման ժամկետի մասին կհայտարարեն այն ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանը կավարտի մարզային հանդիպումները։

«Հանրահավաքի անցկացման կոնկրետ ժամկետ այս պահին դեռևս չեմ կարող նշել, որովհետև Գագիկ Ծառուկյանը հանրապետության բոլոր մարզերում հանդիպումների շարք է անցկացնում, քննարկվում են բոլոր այն մտահոգությունները, որոնք ազգաբնակչությունը ներկայացրել է կուսակցության տարածքային գրասենյակներ ու ակտիվի ներկայացուցիչներին: Երբ որ հանդիպումների շարքը կավարտվի, այն ժամանակ էլ կձևավորվի հանրահավաքի օրակարգն ու հստակ ժամկետները», - ասաց Տոնոյանը։

Ինչ վերաբերում է «Հայրենիք» ու ՀՅԴ կուսակցությունների հետ միասնական ներկայանալուն, Իվետա Տոնոյանն ասաց, որ «Հայրենիք»-ի ու ՀՅԴ-ի հետ շատ ակտիվ գործակցում են, որևէ խնդիր եռյակի ձևաչափում չկա։

«Ես որևէ դեպքում չեմ բացառում, որ եռյակի մեր գործընկերները միասնական օրակարգով կլինեն մեր կողքին», - նշեց նա։

Թե ինչ օրակարգով է ԲՀԿ-ն հրավիրելու հանրահավաքը, ԱԺ պատգամավորն ասաց, որ այս պահին բազմաթիվ խնդիրներ կան արդեն բարձրացված, որոնք ներառված են լինելու հանրահավաքի օրակարգում։

«Մասնավորապես, կրթական չափորոշիչների հետ կապված հարցերը, ինչպես նաև թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության հետ կապված խնդիրների մասին են բարձրաձայնել մեր հայրենակիցները, բայց ես չեմ բացառում, որ խնդիրների շարքն առավել ընդգրկուն կլինի հանրահավաքին», - ավելացրեց Իվետա Տոնոյանը։

«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, թե քննարկում չի եղել հանրահավաքին միասնական ներկայանալու վերաբերյալ։

«ԲՀԿ մեր ընկերները բազմիցս հայտնել են, որ իրենց համար մեր մասնակցությունը ցանկալի է ու հնարավոր, քննարկում չի եղել, բայց մենք միշտ հայտարարել ենք, որ անհրաժեշտության դեպքում, եթե լինի կարիքը, այո, մենք կլինենք հանրահավաքում, կմասնակցենք, ելույթ կունենանք», - ասաց Բաբայանը։

Թե ինչ օրակարգով «Հայրենիք» կուսակցությունը կմիանա ԲՀԿ հանրահավաքին, Բաբայանը նշեց. երբ գա ժամանակը, երբ քննարկվի միանալ-չմիանալու, մասնակցել-չմասնակցելու հարցը, այդ ժամանակ նաև պահանջների մասին ավելի լայն կիրազեկեն։

«Բայց երեք կուսակցությունների առանցքային, համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանության հեռացումն է», - ընդգծեց «Հայրենիք» կուսակցության վարչության անդամը։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինայսանն ընդգծեց՝ երեք քաղաքական ուժերի աշխատանքային քննարկումներում կա համատեղ հանրահավաքների հարցը։

«Չկա առանձնապես մեկ քաղաքական ուժի կողմից հրավիրվող հանրահավաքի հարց կամ օրակարգ։ Այո, մեր եռյակի օրակարգում հանրահավաքներ անելու, հանդիպումներ կազմակերպելու, այդ թվում՝ այն համատեղ դատական հայցերը, որ մենք ներկայացրել ենք, դրա շրջանակներում քաղաքացիների աջակցությունը ստանալու գործողություններ նախատեսված են», - Aysor.am-ին ասաց Մինասյանը։

Նա շեշտեց՝ իրենց օրակարգը հստակ է։

«Առաջին՝ ստեղծված վիճակի գնահատում, ներառյալ բոլոր այն մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք երկրի առջև ծառացած են թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատում, այդ թվում՝ իշխանության ապաշնորհ գործողությունների, քաղաքականության հետևանքով։

Երկրորդ ՝ գնահատական իշխանություններին, այն առումով, որ իշխանությունն ի վիճակի չէ իր այսօրվա կազմով, վարքագծով, իրականացվող քաղաքականությամբ ու գործողություններով հաղթահարելու այդ մարտահրավերները, ավելին՝ ստեղծում է նոր մարտահրավերներ։

Երրորդ՝ երկրին անհրաժեշտ է որակապես նոր իշխանություն, իշխանություն, որն ունակ կլինի ոչ միայն հաղթահարել նշված մարտահրավերներն ավելի արագ տեմպերով, այլև երկրում կստեղծի բարեփոխումների համար իրական միջավայր։

Չորրորդ՝ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից, ժողովրդի միջոցով», - ասաց Մինասյանը։

ՀՅԴ ԳՄ անդամն ընդգծեց՝ իրենց միավորման նպատակն առավել լայն համախմբում ստեղծելն է։

«Ու սա նախընտրական դաշինք չէ», - ավելացրեց Մինասյանը։