կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-25 13:00
Մշակույթ

Վարդան Մկրտչյանն առաջադրել է իր թեկնածությունը. փոփոխություններ`թատերական կյանքում

Վարդան Մկրտչյանն առաջադրել է իր թեկնածությունը. փոփոխություններ`թատերական կյանքում

Տեղեկացրել էինք, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել: Թատրոնի նախկին տնօրենը` Ստեփան Դավթյանը, բոլորել է իր 65-րդ տարին, և, ըստ օրենքի, այլևս չի կարող պաշտոնավարել:

Yerkir.am-ին մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը տեղեկացրել էր, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արդեն իսկ կա ներկայացված հայտ կամ հայտեր:

Yerkir.am-ի հետ զրույցում Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի` արդեն իսկ նախկին տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ ինքն առաջադրել է իր թեկնածությունը:

Մյուս բոլոր հացերի պատասխանը Մկրտչյանը խոստացավ տալ ավելի ուշ` մրցույթից հետո.«Անկախ մրցույթի արդյունքներից` մամուլի ասուլիս կլինի և բոլոր հարցերին տեղում կպատասխանեմ»:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ նա թատրոնի շենքի խնդիրը լուծելուց հետո միայն որոշեց այլ թատրոն տեղափոխվել` Մկրտչյանը պատասխանեց, որ իր համար մի բան հստակ է` թատրոնի շենքի խնդիրը լուծվել է: «Ղարաբաղում դրա վերջակետը դրվեց, դրա հանգուցալուծումը տրվեց»,-ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Արցախում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Մկրտչյանը բարձրաձայնեց թատրոնի շենքի խնդրի մասին: Օրեր առաջ էլ պարզ դարձավ, որ թատերական ինստիտուտի հարևանությամբ գտնվող շենքը /այն վթարային շենք է/ տրամադրվելու է համազգային թատրոնի համար շենք կառուցելուն:

Մկրտչյանն այժմ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է, իսկ համազգային թատրոնի տնօրենի գործառույթները կատարում է թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանը: Համազգայինի տնօրենի ընտրության մրցույթ դեռ չի հայտարարվել, իսկ Սունդուկյան տնօրենի թափուր պաշտոնը ստանձնելու համար հայտադիմումներն ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 28-ն է: