Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարօրինակ չէ՞, որ Զարուհի Փոստանջյանն առաջադրվում է ՄԻՊ-ի պաշտոնում, բայց առաջադրողը «Ժառանգություն» խմբակցությունը չէ: Այսինքն, «Ժառանգությունը» չի՞ տեսնում Զարուհի Փոստանջյանին՝ ՄԻՊ-ի պաշտոնում, չի՞ պատկերացնում, թե նա ինչպես պետք է ՄԻՊ աշխատի, կամ լավ էլ պատկերացնում է, ուղղակի հենց այդ պատճառով էլ չի՞ առաջադրել:
Հիշեցնենք, տիկին Փոստանջյանին ՄԻՊ-ի համար առաջադրել են անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: «Ժառանգությունն», ի դեմս փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի, հայտարարում է, որ իրենք պաշտպանում են Զարուհու թեկնածությունը, այսինքն այնպես չէ, որ իրենք չէին ուզենա, որ Զարուհին ՄԻՊ դառնա, այդ պարագայում, ինչո՞ւ չեն առաջադրել իրենք: Մարտիրոսյանն այս հարցին չի անդրադարձել, ինչը մեզ հիմք է տալիս ենթադրություններ անելու: Օրինակ, հնարավոր է, որ «Ժառանգություն»-ում որոշակի խանդով են վերաբերվում տիկին Փոստանջյանի հաջողություններին եւ այդ պատճառով էլ չեն առաջադրում նրան՝ նորանոր պաշտոններում: Բայց երբ առաջադրումը ինչ-որ ձեւով տեղի է ունենում, ապա ողջ կուսակցությունը պաշտպանում է Զարուհուն, քանի որ վերջինից վախենում է:
Կամ, հնարավոր է, կուսակցությունը չի էլ «ֆայմել», որ իրենք ՄԻՊ-ի կարգին թեկնածու ունեն, ու երբ Զարուհին առաջադրվել է, հասկացել են, ու բացականչել՝ բայց ճիշտ ա, Զառա~ն…
Կամ, չի բացառվում, որ «Ժառանգություն»-ում չգիտեն, որ տիկին Փոստանջյանը մարդու իրավունքների եւ նրա հիմնարար ազատությունների պաշտպանության բնագավառում գիտելիքներ ու փորձ ունի, ինչը անհրաժեշտ է` ՄԻՊ պաշտոնը զբաղեցնելու համար, ու երբ Զարուհին առաջադրվել է, նոր միայն կամ վերջապես ծանոթացել են նրա կենսագրությանն ու պարզել, որ շատ էլ համապատասխան է:
Եւ վերջապես ամենահիմնավոր թվացող պատճառը, թե «ինչու» Ժառանգությունն ինքը չի առաջադրել Փոստանջյանին, հետեւյալն է. բանն այն է, որ եթե հանկարծ Զարուհին դառնա ՄԻՊ, իսկ երեք թեկնածուների մեջ միայն Զարուհին է, որը ծանոթ է հասարակության լայն շերտերին, ինչը ՄԻՊ-ի պաշտոնը ստանձնելու սահմանադրական պահանջ է, ապա ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության անդամներից որեւէ մեկը կուսակցական չի լինի: Այսինքն, հինգհոգանոց «Ժառանգություն» խմբակցության մեջ, ոչ մեկը «Ժառանգություն» կուսակցությունը չի ներկայացնի. Ալիկ Ազումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Թեւան Պողոսյանը երբեք էլ «Ժառանգական» չեն եղել, Ռուբիկ Հակոբյանը վաղուց արդեն կուսակցությունից դուրս է եկել, իսկ եթե Զարուհին էլ ՄԻՊ դառնա, ապա «Ժառանգություն» խմբակցությունը թերեւս խորհրդակցություն հրավիրի՝ հետեւյալ օրակարգով՝ իբր ինչի՞ ենք մենք կոչվում «Ժառանգություն» խմբակցություն:
Հովիկ Աֆյան