Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը ՊԵԿ կառուցվածքային փոփոխություններից հետո աշխատանքային առաջին շրջայցն է կատարել վերակազմակերպված ստորաբաժանումներ՝ ծանոթանալու նոր աշխատաոճին: Նրա գնահատմամբ՝ կառուցվածքային փոփոխություններ իրականացնելը համակարգում անհրաժեշտությունն էր. «Արդյունքն արդեն տեսանելի կլինի առաջիկա ամիսներին՝ սպասարկման որակի բարձրացման և ստուգումների կազմակերպման տեսանկյունից և, ընդհանրապես, ՊԵԿ-ի գործառույթների պարզեցման առումով»:
2017 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ-ին հաջողվել է հարկային եկամուտների էական աճ ապահովել: Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ աննախադեպ ցուցանիշներ են արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության և առևտրի ոլորտներում: «Հարկային եկամուտներն առաջին կիսամյակում շուրջ 48 միլիարդ դրամով կամ 9.8 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքը: Հարկային մասով աճը կազմել է 33 միլիարդ, իսկ մաքսային մասով՝ 15 միլիարդ դրամ»:
Կոմիտեի ղեկավարը Վանաձորի և Գյումրիի ստուգումների ու սպասարկման բաժիններում ծանոթացել է նորաստեղծ կառույցների գործառույթներին, հետաքրքրվել գործընթացների պարզեցման և կազմակերպման ընթացքից: Վարդան Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետներում վերանայել աշխատոճը, բիզնեսից ևս ակնկալելով վարքագծի էական փոփոխություն: «Բազմիցս հնչեցվել է, որ պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի գործընկերն է, իսկ գործընկերոջը խաբելը պատվաբեր չէ: Անհրաժեշտ է, որպեսզի տնտեսվարողներն արագ վերանայեն իրենց վարքագիծը և ինքնուրույն վերականգնեն պետությանը չվճարած հարկերը»,-նշել է ՊԵԿ նախագահը: Նրա դիտարկմամբ, թեպետ բիզնեսը ՊԵԿ-ի ազդակներին ճիշտ արձագանք է տվել, այնուամենայնիվ, բացթողումներ դեռևս նկատվում են. «Ամփոփելով առաջին կիսամյակի արդյունքներն, արձանագրում ենք, որ դեռևս կան ստվերում գործող հարկ վճարողներ: Այն տնտեսվարողներն, ովքեր փորձում են խուսափել թափանցիկ աշխատաոճից, նրանց նկատմամբ կիրառվելու է ավելի խիստ վարչարարություն»:
Վարդան Հարությունյանը ծանոթացել է նաև նորաստեղծ՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության գործառույթներին, ինչպես նաև հետևել Բավրայի նոր մաքսակետի շինարարության ընթացքին: Շինհրապարակում կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է նախագծային մանրամասներից, ըստ գործառույթների հստակեցրել ապագա անցակետի արդյունավետ գործարկման հնարավորությունը: Բավարար գնահատելով կատարված աշխատանքը, կոմիտեի ղեկավարը միաժամանակ խիստ հանձնարարական է տվել՝ Բավրայի նոր անցակետը նախատեսված ժամանակահատվածում շահագործման հանձնելու համար սեղմ ժամկետներում շտկել առկա խնդիրները և թերությունները: Ի դեպ, Բավրայի անցակետը տարվա ընթացքում արդեն երրորդ ժամանակակից կառույցն է, որ կներակայացվի սահմանը հատողներին՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին