կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-08 11:53
Քաղաքական

Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը «Գազպրոմ»-ին վաճառելու գործարքը ավարտական փուլում է

Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը «Գազպրոմ»-ին վաճառելու գործարքը ավարտական փուլում է

Արդեն մի քանի օր է` ակտիվորեն քննարկվում է Իրան-Հայաստան գազատարի` Մեղրի - Քաջարան` 40 կիլոմետրանոց հատվածը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը վաճառելու մասին տեղեկությունը: Այս գործարքի կապակցությամբ Yerkir.am-ը մեկնաբանություն է ստացել է էներգետիկայի նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեզ նախ տեղեկացրեցին, որ Մեղրի-Քաջարան հատվածի վաճառքի գործարքը կայացել է մոտ տասը տարի առաջ, սակայն «զարմանալիորեն դա բուռն քննարկումների առարկա է դարձել վերջին օրերին»: Իրան-Հայաստան գազատարի` Մեղրի-Քաջարան հատվածի գործարքը ՀՀ կառավարության և Ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև տեղի է ունեցել դեռևս 2007 թվականին, որի շրջանակներում վճարվել է 30 մլն ԱՄՆ դոլար կանխավճար: Եվ, ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, անկախ նրանից, թե հանրապետության էներգետիկ որ կառույցի սեփականատերը ով է, որ երկիրն է ներկայացնում, նրա գործունեությունը կարգավորվում է ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքով:

Մեկնաբանությունները, թե գազատարի` Մեղրի - Քաջարան հատվածի վաճառքի պարագայում լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունը կարող է կամայականություններ դրսևորել, ըստ նախարարության, անհիմն է, «քանի որ տվյալ դեպքում դաշտը կարգավորվում է ՀՀ «Էներգետիկայի մասին» օրենքի 53-րդ հոդված 1,2 մասերով»:

Նշենք նաեւ, որ գազատարն առայժմ գտնվում է «ԲԷՑ» ՓԲԸ-ի հաշվեկշռում, և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այն շահագործում է վարձակալությամբ: Ներկայումս գազատարի` Մեղրի - Քաջարան հատվածի վաճառքի գործարքը գտնվում է ավարտական փուլում: Գազատարի վերջնական արժեքը կորոշվի անկախ աուդիտի եզրակացությունից հետո, ինչի արդյունքում կկատարվեն մնացած վճարումները, և գազատարը կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որը, ըստ նախարարության, մասնագիտացված կառույց է և կարող է իրականացնել այդ ծառայությունները: