Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 19-ի առավոտյան Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց նոր ցույց է կազմակերպվել: «Ամերիկայի ձայնի» թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս անգամ ցույցին մասնակցել են ինչպես մայիսի 16-ին նույն վայրում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները, այնպես էլ՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 5 անդամներ. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջոցառումը կազմակերպվել է գլխավորապես հայկական և քրդական հասարակական կազմակերպությունների՝ «Ամերիայի քրդական միության», «Հայ-ամերիկյան ազգային կոմիտեի», «Ամերիկայի Հելենական խորհրդի», «Քրիստոնեական պաշտպանության», «Հայ երիտասարդական ֆեդերացիայի» կողմից:
Շուրջ 40 ցուցարարի մասնակցությամբ անցկացված ակցիայի ժամանակ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները հանդես են եկել ելույթով:
Մասնավորապես, ներկայացուցիչների պալատի անդամ Դանա Ռոհրաբախերը իր ելույթում խստորեն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Մենք ազատության պաշտպաններ ենք և կանգ չենք առնի, մինչև վերջ չտանք Թուրքիայում հաստատված բռնատիրությանը: Էրդողանը հենց այստեղ՝ մեր կանգնած տեղում հարձակվեց մարդկանց վրա՝ ինչպես որ դա անում է իր երկրում: Թուրք ժողովուրդը մեր բարեկամն է, բայց այս պահի նրանք ղեկավարվում են մեկի կողմից, ով ցանկանում է Թուրքիան վերածել իսլամիստական բռնապետության»,- ասել է Ռոհրաբախերը:
Նա նշել է, որ այն, ինչ արվեց Էրդողանի թիկնազորի անդամների կողմից Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ, թույլ է տալիս պատկերացում կազմել, թե ինչեր են կատարվում հենց Թուրքիայի ներսում՝ երկրի բնակչության դեմ: Կենգրեսականը նշել է, որ իրենք աջակցում են սեփական ազատության համար պայքարողներին թե ԱՄՆ-ում, թե Թուրքիայում:
Ռոհրաբախերը նաև կարծիք է հայտնել, որ քանի դեռ Էրդողանը ներողություն չի խնդրել կատարվածի համար, նա չպետք է կրկին ԱՄՆ այցելի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Սպիտակ տանը կայանալիք Էրդողան-Թրամփ հանդիպման առթիվ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը, Ամերիկայի Հելենական խորհուրդը և ազգային փոքրամասնությունների մի շարք այլ կազմակերպություններ խաղաղ ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան հարևանությամբ՝ բողոքելով Թուրքիայի նախագահի ԱՄՆ այցի դեմ:
Թուրքիայի դրոշը կրող մի խումբ թուրք ազգայնամոլներ, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, Էրդողանի թիկնազորի անդամներին էին, հարձակվել և դաժան ծեծի էին ենթարկել խաղաղ ցուցարարներին: Մի քանի վիրավորներ տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված հետաքննության շրջանակներում Էրդողանի թիկնապահների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: