կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 13:41
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցույց ՌԴ դեսպանատան դիմաց. ակցիայի մասնակիցները մեղքը հայերի վրա բարդելու միտում են տեսնում

Այսօր՝ մարտի 2-ին, ՌԴ դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն մի խումբ հայ երիտասարդների, որոնք այսօր ՌԴ-ում գտնվում են անազատության մեջ՝ հայտնում է Yerkir.am-ը: Ըստ ցուցարարների՝ 9 հայերի (որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի են) մեղադրում են կազմակերպված հանցագործության մեջ, ինչը սակայն չի համապատասխանում իրականությանը, իսկ ՌԴ քննչական կոմիտեն գործին հաղորդում է ազգային երանգ և անաչառ քննություն չի իրականացնում:

Դեպքը տեղի է ունեցել 2019 թ. հունիսի 1-ին մերձմոսկովյան ավաններից մեկի բար-սրճարանում, որը պատկանում է հայի: Ֆուտբոլային հանդիպման պատճառով բարը բազմամարդ էր, կային ինչպես ռուսներ, այնպես էլ այլազգիներ: Այդ ժամանակ բար է մտնում երկու հարբած ռուս, որոնց դուր չի գալիս սրճարանում այլազգիներ լինելու փաստը և սկսում են վիրավորել ներկաներին: Այդ օրը ազատազրկվածներից մեկի՝ Հրանտ Հայրապետյանի ծննդյան օրն էր, որը բնակվում էր այն շենքում, որի ներքևում էլ գտնվում է բարը: Ծննդյան կապակցությամբ հավաքվել էին Հայրապետյանի մի քանի ընկերներ և Գուրգեն անունով մի քաղաքացի, ով միաժամանակ համարվում էր նաև բարի տարածքի վարձակալը: Միջադեպի ժամանակ աշխատակիցները զանգահարում են Գուրգենին, ով իջնելով փորձում է հանդարտեցնել ռուս քաղաքացիներին և դուրս է հրավիրում: Սակայն ռուսները փորձում են դարձյալ մտնել բար: Դրսում տեղի է ունենում վիճաբանություն, որի ընթացքում այնտեղ են հայտնվում նաև Հրանտ Հայրապետյանն ու ընկերները: Վիճաբանության ժամանակ այդտեղով էր անցնելուց եղել Նիկիտա Բելյանկին անունով քաղաքացին, ով, ըստ Հայրապետյանի պաշտպանի, ունի բավականին կասկածելի անցյալ՝ կռվել է Դոմբասում, Սիրիայում, եղել է հատուկջոկատային:

Հայերը փորձում են Բելյանկինին բացատրել, որ դեպքում մեղավորը ռուս քաղաքացիներն են և լավ կլինի, որպեսզի Բելյանկինը չխառնվի: Սակայն Բելյանկինը հանում է իր մոտ եղած ատրճանակը և օդ կրակում, փորձելով վախեցնել, սակայն վիճաբանությունը շարունակվում է, որի ժամանակ էլ Բելյանկինը կրակում է Հովիկ Հայրապետյանի՝ Հրանտի կրտսեր եղբոր պարանոցին, կրծքին և ոտքին: Քանի որ ատրճանակը շարունակում էր գտնվել Բելյանկինի ձեռքին, Հովիկի եղբայրը, Հովհաննեսը դանակով հարվածում է զինված Բելյանկինին, որը մահացու է լինում:

Հրանտ Հայրապետյանի պաշտպան Կարեն Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 5 քաղաքացու առաջադրվել է սպանության մեղադրանք, իսկ 4-ն էլ մեղադրվում են խուլիգանության մեջ:

Խնդիրն այն է, որ դանակահարած անձը այժմ գտնվում է փախուստի մեջ, սակայն ՌԴ քննչական մարմինն այլ մարդու է վերագրում սպանությունը, իսկ մնացածն էլ, ըստ պաշտպանի, «գերի են մնացել»:

«Քննչական խմբի ղեկավարը, ով հարուցել էր գործը, դարձել է ՌԴ գլխավոր դատախազ, ինքը իրեն հո չի՞ մեղադրելու: Դա հաշվեհարդար է: Բելյանկինի շրջապատում ազգայնականները շատ են, համացանցում բազմաթիվ մեկնաբաննությունն էր անում, հաղորդում են ազգային երանգ, լավ բան չենք սպասում սպասվող դատավարությունից», - նշեց Ներսիսյանը՝ պահանջելով օբյեկտիվությունը, ճիշտ դատավարություն:

Պաշտպաններից մյուսն էլ նշում է, որ Բելյանկինի անհամաչափ և անօրինական գործողությունները արդարացնելու համար փորձում են մեղքը բարդել հայերի վրա, այդ իսկ պատճառով «նրանց ձեռք չի տալիս, որ գտնեն Հայրապետյան Հովիկին»:

«Եթե Հովիկ Հայրապետյանը չաներ այդ քայլը, կունենային մի քանի դիակ, նա պաշտպանել է ինքն իրեն: Հայրապետյանը չի հավատում, որ իր նկատմամբ կիրականացվի արդար դատավարություն», - նշեց Ներսիսյանը:

Բելյանկինի սպանության մեջ մեղադրվողը Սերգեյ Խոջոյանն է, ով իրականում կապ չունի սպանության հետ, սակայն  ռուսական կողմը խուսափում է այդ վարկածից: