կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-06 22:18
Հասարակություն

Շիրակի մարզպետը հանդիպել է «Հյուսիս-Հարավ»-ի Թալին-Գյումրի հատվածի պատասխանատուի հետ

Շիրակի մարզպետը հանդիպել է «Հյուսիս-Հարավ»-ի Թալին-Գյումրի հատվածի պատասխանատուի հետ

Արթուր Խաչատրյանը հուլիսի 6-ին հանդիպեց «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության մենեջեր Լյու Մինծիենին:

«Ողջունում եմ Ձեզ, ուրախ եմ ծանոթության համար, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ճանապարհաշինական աշխատանքները կենսական նշանակություն ունեն մեր երկրի, մասնավորապես, մեր մարզի համար: Աշխատանքների ավարտից հետո կունենանք բարեկարգ ճանապարհ, իսկ Երևանից Գյումրի երթևեկելը և ավելի հեշտ կլինի, և ավելի կաճ ժամանակ կխլի մեզանից: Բացի այս, ճանապարհի կառուցումը կնպաստի դեպի Վրաստան փոխադրումների մատչելության բարձրացմանը: Մեզ համար կարևոր է աշխատանքների բարձր որակը»,- փաստել է Շիրակի մարզպետը: 

Լյու Մինծիեն շնորհակալություն հայտնեց մարզպետից ջերմ ընդունելության համար` կարևորելով մարզի ղեկավարության հոգատար վերաբերմունքն իրենց աշխատանքներին:

«Մենք այժմ շուրջ 300 աշխատակիցներ ունենք, ովքեր հայեր են, առաջիկայում աշխատանքների ծավալներն ավելանալու են, սպասում ենք Չինաստանից նոր տեխնիկայի ներկրման, այդ ժամանակ ևս 10 նոր աշխատատեղ կբացվի մեզ մոտ»,- մարզպետին տեղեկացրեց չինական ընկերության ներկայացուցիչը:

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ պատրաստակամ է աջակցելու ընկերությանը` իրավասությունների սահմաններում:
«Հյուսիս-հարավի» Տրանշ 3-ի Թալին – Գյումրի հատվածը 46կմ է`Թալին – Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ – Գյումրի (27,5 կմ), Թալին – Լանջիկ հատվածում ներկայումս ընթանում են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ։ 

Նշենք, որ «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի – Երևան – Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի։