Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 6-ին Երևանում «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված դրական և բացասական կողմերը, ինտեգրման շրջանակներում հեռանկարները և հնարավորությունները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների զարգացման միտումները:
Կլոր սեղանին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներ, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Չեխիայի Հանրապետության դեսպանությունների, բիզնեսի և գիտական համայնքի ներկայացուցիչներ:
«Անցած երկու տարիները ցույց տվեցին, որ նույնիսկ արտաքին տնտեսական ցնցումների և տարածաշրջանում նեգատիվ միտումների առկայության պարագայում, Հայաստանի Հանրապետության արտահանումն ավելացել է, ներմուծվող ապրանքների գները նվազել են: Սակայն ցանկացած վերջնական եզրակացություն Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության արդյունքների մասին դեռ վաղ կլինի անել: Հիմնական ինտեգրացիոն ինստուտները գտնվում են ձևավորման գործընթացում, իսկ անդամ-պետությունների տնտեսական համակարգերը դեռևս չեն գտել կոոպերացիայի առավել օպտիմալ/նպատակային ձևը: Ներկա պահին հստակ երևում է, որ կա ինտեգրացիոն միավորման մեծ պոտենցիալ: Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցության երկու տարիների արդյունքները դժվար է բնութագրել, որպես միանշանակ հաջողություն, սակայն կարելի է վստահությամբ հայտարարել տնտեսական ինտեգրման և բարգավաճման ճանապարհին առաջին քայլերի մասին»,- նշեց Վաչե Գաբրիելյանը` ողջունելով միջոցառման մասնակիցներին:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշելով, որ Հայաստանը մշտապես ընդգծել է իր հետաքրքրվածությունը տարբեր կառույցներին ինտեգրվելու և համագործակցելու, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցության Հայաստանի համար լայն հնարավորություններ է ստեղծում` ավելացրել է.
«Հայաստանի՝ ԵԱՏՄ երկամյա անդամակցության արդյունքում անդամ երկրների ապրանքաշրջանառությունը տարեցտարի աճել է: Մասնավորապես, ՀՀ–ի և ԵԱՏՄ անդամ միջև ապրանքաշրջանառությունն 2016 թվականին աճել է 15.3%-ով, այդ թվում` ՌԴ-ի հետ` 15,1%-ով, Բելառուսի Հանրապետության հետ 15.4%-ով, Ղազախստանի Հանրապետության հետ` 46,7%-ով, Ղրղզստանի Հանրապետության հետ 2.1 անգամ:
2016 թվականին Հայաստանից արտահանման ծավալները ռուսական շուկա աճել են 51.5 %-ով, ղազախական, ղրղզական և բելառուսական շուկա՝ մի քանի անգամ»:
Տատյանա Վալովայան, բացելով «Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ անդամակցության առաջին արդյունքները» նիստը, ներկայացրեց ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության դրական արդյունքները, այդ թվում` արդյունաբերության զարգացման տեմպերի ուղղությամբ առաջատար լինելը, համախառն ներքին արդյունքի և Միության միասնական շուկա հայկական արտադրանքի մատակարարման ծավալների աճը:
«ՀՀ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2016 թ.-ին աճել է 53%-ով»,- հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ, ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարարը:-«Երկիրը առաջատար է դարձել արդյունաբերական արտադրության աճի տեմպերով, ինչը նախորդ տարվա համեմատ 2016 թ.-ին կազմել է 6.7%»:
ՀՀ արտահանման աճը երրորդ երկրներ 2016 թ.-ին կազմել է 13%, իսկ բարձր տեխնոլոգիաների արտահանման տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ կազմել է 12%` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միության շրջանակներում այս ցուցանիշը միջինում եղել է 8.8%: ԵԱՏՄ ներքին շուկա հայկական ապրանքների արտահանումը արտահանման ընդհանուր ծավալի մեջ աճել է 15.9%-ից մինչև 22%:
Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալը Հայաստանի Հանրապետությունում աճել է 6.5%-ով, ինչը թույլ է տվել երկրին 2016 թ.-ին ավելացնել գյուղատնտեսական արտադրանքի` դեպի ԵԱՏՄ ներքին շուկա արտահանման ծավալները: 2014 թ.-ի ցուցանիշների համեմատ արտահանումն աճել է 6%-ով` կազմելով 260.7 մլն ԱՄՆ դոլար: Առավել մեծ աճ է գրանցվել մրգերի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների արտահանման մասով:
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6.7%, իսկ 2017 թ.-ին առաջին եռամսյակի ընթացքում այդ ցուցանիշը աճել է 16.2%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:
Փոխադարձ առևտրի ծավալը 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38.4%-ով` կազմելով 102.5 մլն ԱՄՆ դոլար` համապատասխանաբար 2014 թ.-ի մակարդակը գերազանցելով 49%-ով, իսկ 2015 թ.-ի մակարդակը` 3 անգամ:
ՀՀ-ն առաջատար դիրք է զբաղեցնում ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում ՀՆԱ աճի տեմպերով: Չնայած նրան, որ 2014 թ.-ից մինչև 2016 թ.-ը Հայաստանի Հանրապետության ՀՆԱ-ն դրսևորում էր չափավոր զսպվածություն` պայմանավորված համաշխարհային տնտեսական անկայունությամբ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, այնուհանդերձ 2017 թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երկրի ՀՆԱ-ն գրանցել է 6.5% աճ:
Կլոր սեղանի շրջանակներում կայացած «Հայաստանի Հանրապետությունը և Եվրասիական տնտեսական միությունը. նոր հնարավորություններ և զարգացման հեռանկարներ» նիստի հիմնական թեմաներից էր տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման զարգացումը: Կարինե Մինասյանը` որպես վերոնշյալ բաժնի մոդերատոր, նշեց թվայնացման կարևորությունը: «Այն պետությունները, որոնք ակտիվ ներգրավված չեն վերափոխման գործընթացի մեջ, առաջիկա տարիների ընթացքում կարող են կորցնել իրենց մրցակցային առավելությունները: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը հսկայական քայլ է կատարել տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Ոլորտի ծավալը 2010 թ.-ից ի վեր աճել է 4,3 անգամ, ինչը երկրի տնտեսության լավագույն ցուցանիշն է: Համաշխարհային շուկայում աշխատող IT ընկերությունների թիվը 2010 թ.-ից ի վեր աճել է 2.4 անգամ և կազմում է անելի քան 400»:
Քննարկման ընթացքում նշվել է, որ Հայաստանի համար մրցունակության պահպանության և արտադրողականության բարձրացման համար հիմնական գրավականներից մեկը իրական հատվածի հնարավորությունների և ՏՏ հատվածի հնարավորություններ միավորումն է, որը մաքսիմալ կերպով ընդգրկված է համաշխարհային թվայնացման վերափոխման գործընթացներում:
Կարինե Մինասյանի խոսքերով` Հայաստանն էական առաջընթաց է գրանցել գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների (ջերմոցներ, ակվակուլտուրաների աճեցում) կիրառման ոլորտում: Ջերմոցային տնտեսություններին հատկացված մակերեսները 2010 թ.-ից աճել են 6 անգամ: Ընդ որում` դրանց մեծ մասը հագեցած են գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են բերքատվության բարձր մակարդակ:
Հայաստանը նկատելի առաջընթաց է գրանցել նաև ԵԱՏՄ տարածքում ապրանքների հետագծելիության մասով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս ապրանքների և ծառայությունների արտադրության - մատակարարման գործընթացները դարձնել առավել թափանցիկ` արդյունքում կրճատելով վերահսկիչ մարմինների և բիզնեսի փոխառնչությունը:
Կլոր սեղանի ընթացքում կատարված հիմնական եզրակացությունները, հանձնարարականները և առաջարկությունները նախատեսվում են օգտագործել «Հայաստանի Հանրապետությունը երկու տարի Եվրասիական տնտեսական միությունում: Առաջին արդյունքները» զեկույցի նախապատրաստման ընթացքում, որը ներկայացվելու է տարեվերջին` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: