կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-09 14:39
Հասարակություն

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հուլիսի 8-ին քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները, հայտնում են ծառայությունից: 
Հրավիրված կիսամյակային աշխատանքային խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:

2019 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 15 112 938 554 ՀՀ դրամ, ինչը  գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 38,10 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 606 070 կատարողական վարույթների, այս ցուցանիշը 2018 թվականի համեմատ նվազել է 5,87%-ով:  Ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 578 090, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 3,15%-ով: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 27  980:

Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Հակոբյանը կարգադրել է խստագույնս հետևողական լինել ուղղակի վաճառքի ներկայացվող գույքի վաճառքի ողջ  գործընթացին և հաշվետու լինել արդյունքների վերաբերյալ:

Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանը հանձնարարել է Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, պահանջել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ և աշխատել սրտացավությամբ:

Քաղաքացիների հետ տարվող աշխատանքների առումով  գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի պահանջն անփոփոխ է՝ Ծառայությունը պետք է շարունակի բաց և հասանելի աշխատելաոճը, տեղեկատվության հասանելիություն ապահովելով քաղաքացիների համար, յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում տալով  սպառիչ պատասխաններ:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը Հակոբ Հակոբյանը դրական է գնահատել Ծառայության 2019 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները իր խոսքում  նշելով, որ, թեև թվային ցուցանիշներն գոհացուցիչ են, այդուհանդերձ նոր նշաձող պետք է դրվի Ծառայության  առջև և նոր հաջողություններ արձանագրվի:

     Հակոբ Հակոբյանը հանձնարարականներ է տվել Ծառայության ղեկավար անձնակազմին առաջիկա աշխատանքների իրականացման հետ կապված: