Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Առաջին հանրապետության ստեղծման 100 -ամյակի կապակցությամբ ստեղծված պետական հանձնաժողովը կազմում է 2018-թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագիրը: Ողջունելի է, որ հանձանժողովն ստեղծվել է հոբելյանական տարվանից գրեթե մեկ տարի առաջ եւ դատելով Երեւանի քաղաքապետարանի համապատասխան որոշումներից` արդեն իսկ ինչ-ինչ նախաձեռնություններ հաստատվում եւ նույնիսկ գործադրման ընթացք են ստանում:
Այդ նախաձեռնությունների հարցում քաղաքապետարանի եւ պետական հանձնաժողովի գործունեությունը որքանով է փոխկապակցված այս դեպքում էական չէ, ավելի կարեւոր է, որ ընդհանուր ծրագրի շրջանակում, տարբեր գերատեսչություններ, պետական ու ոչ պետական հաստատություններ իրենց իրավասությունների եւ հնարավորությունների շրջանակում որոշակի մասնակցություն ունենան ընդհանուր այս գործում: Առհասարակ կարեւոր է, որ ծրագրվելիք միջոցառումները կրեն համաժողովրդական բնույթ, երկրում ստեղծվի համապատասխան մթնոլորտ, որը կպահպանվի ողջ տարվա ընթացքում:
Այլապես հնարավոր է իրականացնել բազմաթիվ ու բազմաժանր միջոցառումներ, որոնց կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ եւ դրանք չեն դառնա ընդհանուրի սեփականությունը: Այնինչ խոսքը աշխարհի բոլոր հայերին ուղղակիորեն վերաբերող մեծագույն տոնի մասին է եւ այս առիթը պետք է օգտագործել ոչ միայն նորագույն պատմության դժվարին երկունքն ու ազգափրկիչ ծնունդը խորքով բացահայտելու ու հանրայնացնելու համար, այլեւ առիթն օգտագործել անկախության ու պետականության գաղափարը մեր արյան ու գիտակցության մեջ ամրապնդելու համար:
Խորհրդային ժամանակաշրջանի առանձնահատկություններից մեկն այն էր, որ ապրելով սեփական երկրում մենք ատում էինք պետական կացութաձեւը, կոմունիստական իշխանությունը, վարչական ու գաղափարական համակարգը, իրականությունից հեռու բայց պարտարդրվող կեղծ ճշմարտությունները եւ փաստորեն սեփական երկրում մենք ապրում էինք որպես այդ մեծ տան խորթ զավակներ: Խորհրդային-կոմունիստական համակարգը դարձավ պատմություն, բայց շատ մտայնություններ շարունակեցին գոյատեւել մեր գլուխներում:
Հիշենք, որ Եգիպտոսից իր ժողովրդին դուրս բերած Մովսեսը մինչ նրան հայրենիք բերելը ետեւն արած քառասուն տարի թափառեց, որպեսզի այդ ընթացքում կյանքից հեռանա որպես ստրուկ ապրած սերունդը: Մի՞թե մեզ էլ է քառասուն տարի անհրաժեշտ, որպեսզի տարբերենք երկիրն ու իշխանությունը եւ իշխանավորներին չսիրելով չասենք թե. «Էս երկիրը երկիր չի»: Մի՞թե քառասուն տարի է անհրաժեշտ հասկանալու համար, որ թեկուզ թույլ, թեկուզ կախումներ ունեցող անկախությունը գերադասելի է ուժեղ պետությունից որտեղ դու կամազուրկ ենթակա ես եւ ոչ տեր: Մի՞թե դեռ շատ ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թե որն է իրական եւ որն է կեղծված պատմությունը, որ չի կարող լինել այնպես, որ ազգիդ ընտրանին ու մահապարտները հանկարծ դառնան երկիր ծախող, իսկ սվիններով հայրենիքդ նվաճողը դառնա ազատարար:
Ինչ որ մեկը կարող է չափազանցված համարել այս դիտարկումները, բայց արդյո՞ք մտահոգությունը հիմնավոր չէ, եթե մենք այսօր էլ ավելի շատ հավատում ենք խորհրդային պատմաշինությանը, քան մեր գործիչների վկայություններին, եթե մենք շարունակում ենք որպես կուռքեր պահպանել բոլշեւիզմի մանկուրտ հերոսների հուշարձանները եւ քննարկման առարկա դարձնել արդյո՞ք նպատակահարմար է պատմության ասպարեզից հեռացած մի ժողովրդի պետականության վերականգնումը խորհրդանշող հերոսի հուշարձան դնել-չդնելու հարցը համեմատել Լենինի արձանից հրաժարվելու փաստի հետ:
Մենք Հայոց պետականության վերականգնման ամենամյա տոնին հեռուստատեսությամբ ցուցադրում ենք այդ պետության ծնունդը եւ նրա գործիչներին վարկաբեկող ֆիլմեր, անկախ պետության կառավարության շենքը այլանդակում եւ վերածում ենք պիցցայի պանդոկի, մերժում ենք պատմական իրադարձությունների հետ կապել այդ ժամանակաշրջանը կերտած, ըստ էության միակ գործուն քաղաքական ուժին եւ եթե անդրադառնում ենք ինչ-ինչ իրադարձությունների եւ գործիչների, ապա խուսափելով դրանք կերտող եւ դրանք ներկայացնող նույն ուժի անունը տալ:
Հնարավոր սխալ տպավորությունը ցրելու համար պետք է արձանագրել , որ պատմության առաջ մեղք գործած կլինենք եթե մայիս քսանութ, Սարդարապատ ու Բաշ Ապարան, Արամ Մանուկյան, Դրո, Նժդեհ, Իսահակյան ու Ահարոնյան, Վարուժան ու Բակունց անունները համարենք մեկ կուսակցության սեփականությունը: Բոլոր այդ արժեքները պատկանում են հայ ժողովրդին: Բայց փաստենք նաեւ, որ Դաշնակցություն կուսակցությունը այս բոլորի առանցքում եղել է այն գործիքը, որն ապահովել է ազգի եւ պետականության վերածնության հնարավորությունը: Համաձայն Նժդեհի հետեւյալ բանաձեւման.«Կուսակցությանս հետ, բայց ազգիս համար»:
Վերը բերված օրինակները փաստարկելու համար են, որ մեր անկախ պետականությունը մեր միս ու արյունը չի դարձել դրա համար էլ շատ հանգիստ, տեղի ու անտեղի հեգնում ենք թե.«Ինչ անկախ Հայաստան, Պուտինն է երկիրը ղեկավարում»: Հետո կարող է պարզվել, որ ամերկացիք են ղեկավարում կամ եւրոպացիք՝ անգամ Ադրբեջանն է թելադրում իր կամքը, միայն ոչ անկախ ու ինքնուրույն Հայաստան, որի անկախության միակ երաշխավորը մենք ենք ու սահման պահող հայորդիները: Եւ երբ հույսը կապում ենք կամ պատասխանատվությունը գցում ենք ուրիշի ուսերին տեղի է ունենում մեր ներքին դասալքությունը: Մեզ լուրջ վերափոխություն եւ ճշմարտությունների վերարժեւորում է անհրաժեշտ եւ հենց այս նպատակին կարող է ծառայել 900-ամյա անէությունից հետո անկախ պետականության վերակերտման իրողության իմաստավորումն ու փառաբանումը, հայկական աշխարհագրության սահմաններում, հոբելյանական ողջ տարվա ընթացքում:
1917 թվականին, երբ խորհրդայնացած Ռուսաստանը հեռացավ Անդրկովկասից նրա ետեւից փլուզվեցին պետական կառույցները: Մեր հարեւանները, բացի Իրանից, ձգտում էին մեջ-մեջ անել դանդաղ մեռնող պատմական հայաստանի վերջին հողակտորը: Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը նույն թվականի դեկտեմբերին հայոց պետականություն վերստեղծելու համար քաոսի երկիր ուղեւորեց ամենաճիշտ մարդուն: Այդ ամենաճիշտ ընտրված մարդու թիկունքին կանգնեց ամենախելահեղ եւ հայապաշտ զինվորականը: Հետագա 6 ամիսների ընթացքում նրանք միասնաբար ստեղծեցին անկախ պետականության շենքը, մաքրեցին երկիրը ներքին թշնամուց, բարոյալքված զանգվածներից կերտեցին մարտունակ, ազգային ազատագրության գաղափարով սնված ժողովուրդ եւ մայիսի վերջին պատմության անդունդից դուրս բերեցին ու Արարատի շուքի տակ շունչ հաղորդեցին հայոց պետությանը: Կյանքները պատերազմների մեջ մաշած արհեստավարժ զինվորականները չէին հավատում դիմակայության հնարավորությանը եւ խորհուրդ էին տալիս քաշվել դեպի երկրի բարձրադիր շրջաններ, հայդուկային կռիվներ տանելու համար, իսկ Արամը պնդեց, որ այդ դեպքում հայկական վերջին հողակտորը կարժանանա արեւմտահայաստանի ճակատագրին՝ Երեւանի մատույցներում պետք է կռվենք ու հաղթենք՝ մեզ գետին տապալած դարավոր ոսոխին:
Հիմա որոշ մարդիկ ասում են ինչո՞ւ Հանրապետության մուտքի մոտ դնենք Արամի Մանուկյանի արձանը: Բա եթե Արամ Մանուկյանն է լավագույնս խորհրդանշում հանրապետության ծնունդն ու գոյությունը որտե՞ղ դնել նրա արձանը, եթե ոչ հենց Հանրապետության հրապարակում եւ եթե առհասարակ համաձայն եք, որ վերջապես այս երկիրն ունենա իր հիմնադիր գործչին պատշաճ հուշարձանը: Դեռ հերթը չի էլ հասել Արամի գործակից այն գործչի փառաբանմանը ում անունը ցանկացած ազգի ներկայացուցիչ հպարտությամբ կհավերժացներ, եթե իհարկե ունենար իր Դրոն:
Ինչ վերաբերում է Հանրապետության հրապարակի պարագային, ապա պարզ տրամաբանությունը հուշում է, որ երբ էլ որոշվի այն ամբողջացնել պետք է ամբողջանա հանրապետությունը, պետականակերտման պայքարը եւ հաղթանակը արտահայտող խորհրդանիշերով: Այլապես եւս մեկ անգամ կհայտնվենք այն անհեթեթեթ իրավիճակում, երբ Նժդեհի անվան հրապարակում կանգնեցված է նրա իսկ հակառակորդ բոլշեւիկյան գործչի արձանը: Ի դեպ, իր հերթին Նժդեհի արձանը կանգենցված է բոլորովին այլ վայրում, այն էլ՝ թարս դիրքով: Այսինքն թիկունքով պուրակին, որին մաս է կազմում, եւ գերիշխող փողոցին: Բայց սա արդեն այլ խոսակցության նյութ է:
Տարվելով ազատ մտքի ընթացքով մի փոքր էլ երկարացնեմ խոսքս: Ինչքան գործիչների արձաններ կան Հայաստանում, ինչքան հերոսների անուններ կան դասագրքերում, եկեք մտաբերենք դրանցից մի քանիսին ու մեզ հարց տանք.«իսկ ի՞նչ է արել հայ ժողովրդի համար»: Անուններ կան, որոնք բոլորիս գլխի մեջ ապրում են վաղուց, բայց չվախենալով բարձրաձայն մտածել խորհենք օրինակ որ.«աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ»։ Այս հերոսները, որ ազտագրեցին ԽՍՀՄ-ն ու Եւրոպան, գրավեցին Բեռլինը, ոչնչացրին Հուգարիայի անկախության շարժումը, մատը-մատին խփեցի՞ն արդյոք, որ իրենց հարազատ գյուղը այսօր չպատկաներ քոչվոր նվաճողներին:
Թող որ նրանց ու նրանց գործերի մասին ուսուցանվի սերունդներին, իսկ քանի՞ հայ է տեղյակ, որ Նիկոլ Դուման անունով հայրենակից է ունեցել ով 1905-1906 թվականներին ցեղասպանությունից փրկեց արեւելահայությանը եւ կովկասահայությանը:
Ժամանակը չէ՞ վերադասավորում կատարելու պատմության կաճառում եւ բոլորին դասդասել ըստ «հասակի»:
Անկախ պետականության հարյուրամյակի նշումը լավ առիթ է այս գործընթացի համար, լավ առիթ է մենք մեզ ներարկելու, որ մեր ամենակարեւոր հարստությունը մեր պետականությունն է ու մեր ոտքերի տակ գտնվող հողը ու ոչ թե երազանքների օտար երկինքները:
Լավ առիթ չէ՞ մտակաղապար ձուլելու այն գիտակցումից, որ մեր միակ բարեկամը մենք ենք, մնացածի հետ ունենք շահերի համընկնում, ինչն առհասարակ հավերժ չի լինում:
Կուզեի, որ սկսած դպրոցներից, քարոզչամիջոցերից բոլորս մտածեինք այն շահի մասին, որ կարելի է կորզել համաժողովրդական տոնի վերածելով մեր ինքնության հաղթանակի 100-ամյակը, որը երբեք հատվածական սեփականություն չէ, այլ պատկանում է բոլոր այն հայերին, ովքեր իրենց տեր կզգան այդ սեփականությանը:
Արտաշես Շահբազյան