Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն է: Քիչ քանակով այն կարևոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Արևային լույսի անբավարար քանակն առաջացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ` յուրահատուկ ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում և այլն): Սակայն մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ՝ առաջացնելով արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում), արևահարություններ, ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն), ֆոտոալերգիա, մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ: Տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով` մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:
Անհրաժեշտ է հիշել, որ օրվա որոշակի, ամենաշոգ ժամերին (12:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:
Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց աճում է մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Կենսագործունեությանն անհրաժեշտ կայուն ջերմաստիճան ապահովելու համար մի շարք օրգան-համակարգեր ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը: Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանք կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:
Օրգանիզմի 85% ջերմատվության ուղին քրտնարտադրությունն է, այն խիստ ավելանում է շոգ եղանակին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին կարող է հասնել մինչև 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիորմ, կալիում, կալցիում, մագնեզիում և այլն), ջրալույծ վիտամինները և սպիտակուցներ: Արդյունքում կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ: Մասնագետների կարծիքով` 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը, 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4-ի դեպքում` սրտային նոպաներ:
Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և խրոնիկ հիվանդություններով տառապող անձնինք:
Միաժամանակ, խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով շոգ եղանակին ավելանում է մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջացման վտանգը:
ՀՀ առողջապահության նախարարություն