Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։
Առողջապահության նախարարությունից շոգին ընդառաջ հիշեցնում են, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ:
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.
Խմել օրական շուրջ 3 լիտր հեղուկ` ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:
Ուշադիր լինել արևահարվելուց: Ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում չընդունել արևային լոգանք:
Ցանկալի է կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, խրախուսելի է` բամբակյա կտորից հագուստ:
Աշխատել հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:
Հեղուկներ ընդունելիս շատ չսառեցնել, ցանկալի է խմել գոլ կամ մի փոքր հովացրած:
Հնարավորինս զերծ մնալ շաքարավազ պարունակող գազային ըմպելիքներից:
Արգելվում է երեխաներին և ընտանի կենդանիներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:
Խրախուսվում է, որ երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:
Խուսափել ցերեկային ամենաշոգ ժամերին բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից:
Պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա: