Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր կառավարության 2017-2022թթ ծրագիրը: Իր ելույթում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց ծրագրում գյուղատնտեսության ոլորտի նպատակային անելիքները: Նախատեսվում է ոլորտի համախառն արտադրանքը ավելացնել տարեկան առնվազն 5 տոկոսով, բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը, զարգացնել բարձրարժեք գյուղատնտեսությունը, ներդնել արդիական տեխնոլոգիաներ,ավելացնել արտահանման ծավալները, ներմուծումը փոխարինել արտադրանքի ավելացմամբ, բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսվարողների համար:
«Մենք ոլորտում շատ խնդիրներ ունենք, և հավատացեք, կառավարության անդամները բոլորն էլ մտահոգված են այդ խնդիրներով, և կներկայացնեն խնդիրների լուծումները«- ասաց Իգնատի Առաքելյանը: Եվ չնայած այդ խնդիրներին, ոլորտում կան նաև դրական ազդակներ, կան խոշոր տնտեսվարողներ, որոնք կատարում են զգալի ներդրումներ, կիրառում են նոր տեխնոլոգիաներ` հաջողություններ գրանցելով թե արտադրության, թե արտահանման մեջ:
Կառավարության ծրագրում ներառված են ծրագրեր, որոնք նպաստելու են գյուղացիական փոքր և միջին տնտեսությունների զարգացմանը: Կենտրոնանալու են ոլորտում ապահովագրության համակարգի ներդրման վրա, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչպես նաև ժամանակակից ֆերմերային տնտեսությունների զարգացման վրա: Եվ այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել հետևյալ ծրագրերը. ներդնելու են աշխարհագրական թվայնացման համակարգը, որը թույլ կտա ունենալ դեզագրեգացված գյուղատնտեսական տվյալների բազա, արդյունքում կունենանք հողերի իրավական կադաստր, ինչը թույլ կտա վերլուծել հողերի կարգավիճակը` մշակովի՞ է այն, թե անմշակ, ջրային ռեսուրսների արդյունավետությունը, տվյալ տարածքում մշակովի բույսերի տեսակները, կլիմայի ազդեցության տվյալները, վնասի գնահատումը և այլն:
«Առանցքային է գյուղատնտեսության մեխանիզացիայի խնդիրը, կառավարությունը արդեն սկսել է գյուղատնտեսական տեխնիկայի վարձակալության լիզինգի` պետական աջակցության ծրագիրը, որով տնտեսվարողները մատչելի տոկոսադրույքով կարող են վարձակալել գյուղտեխնիկա»,-ասաց նախարարը` հավելելով, որ ստեղծվելու է գյուղատնտեսական տեխնիկայի կայան, որից կարող են օգտվել փոքր և միջին գյուղացիական այն տնտեսությունները, որոնք չունեն միջոցներ լիզինգից օգտվելու համար: Խթանելու են պտղաբուծությանը, ջերմոցաշինությանը, ներդրվելու է կաթիլային ոռոգման համակարգը, ոռոգման արդյունավետ եղանակները: Շարունակելու են գյուղոլորտի նպատակային պետական վարկերի ներդրման գործընթացը:
«Այսօրվա տրամադրվող մինչև 3 միլիոն դրամի շեմը բարձրացնել մինչև 10 միլիոն դրամ, առավել մատչելի դարձնելով տոկոսադրույքը: Այս ծրագիրը հնարավորություն կտա զարգացնել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունները»,- ասաց նախարարը: