Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում պատգամավորների կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
Հիմնական զեկուցող` ֆինանսների նախարար Վարդան Արամյանից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց. «Դուք ասում եք՝ բացասական զարգացումներ են եղել, Ռուսաստան, ԵՄ, ԵԱՏՄ եք մեջտեղ բերում և ներկայացնում ինչպիսի ազդեցություն են ունեցել: Տպավորություն է, որ բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից: Ասում եք` իմպուլս եք հաղորդել, բայց ունենք ընդամենը 0.2% տնտեսական աճ: Կա՞ ինչ-որ հաջողության պատմություն, մի բան, որ ասեք` կարողացել ենք փոխել»:
Ապա նա նշեց, որ այս բյուջեի կատարողականը նախորդ կառավարությանն է, սակայն իշխանությունը նույնն է: «Կա ընդունված բյուջե, որի հետ դուք համաձայն չեք կամ եթե համաձայն եք, ապա ինչո՞ւ կառավարություն փոխվեց»,- հարցրեց պատգամավորը:
Արամյանը նշեց, որ այն, ինչ ինքը ներկայացնում է 2016 թ. կատարողականի վերաբերյալ, փաստ է արձանագրում` արտաքին զարգացումների մասով: «Մենք որևիցե մեկի վրա մեղք չենք գցում, բայց պետք է իրատես լինենք, հնարավոր չէ, որ աշխարհում դիտվի հումքային ապրանքների գների երեք անգամ անկում, և դա քեզ վրա չազդի: Հնարավոր չէ, եթե քեզ մոտ տրանսֆերտների անկում լինի, ու դա էլ չազդի»,- ասաց նախարարը:
Մարուքյանն արձագանքեց՝ ի՞նչ եք փոխել: Արամյանն էլ պատասխանեց. «Ինչ ենք մե՞նք արել, եթե չանեինք դա, ի՞նչ կլիներ: Մենք դասագրքային կանոնին ենք հետևել` եթե կա արտաքին շոկ, և դա քեզանից չի կախված, այլ կապված է բացասական զարգացումների հետ, ճիշտ քաղաքականությունն այն է, որ դու ունենաս հակացիկլիկ քաղաքականություն: Դա ենք մենք ունեցել»: