կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 18:28
Քաղաքական

Հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևելու է նրա գործունեությանը

Հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևելու է նրա գործունեությանը

ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսվում է ներդնել Հորիզոնական մոնիթորինգի համակարգ, որը հարկային մարմնի և հարկ վճարողների միջև գործընկերային հարաբերությունների ձևավորման նոր, միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառված ձևաչափ է: Համակարգի նպատակն է բարելավել հարկային միջավայրը: Համակարգի հիմնական առավելություններից է, որ հարկային մարմինը, առանց տնտեսվարող սուբյեկտ այցելության, մշտապես հետևում է նրա գործունեությանը և օրենսդրության պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես տեղեկացնում է այդ մասին:

Ըստ այդմ, կառավարությունը սահմանել է հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտները՝ մետաղական հանքաքարի արդյունահանում, ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում, ծխախոտային արտադրատեսակների արտադրություն, էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և բաշխում, գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք, ջրի հավաքում, մշակում և բաշխում, հեռահաղորդակցության ծառայություններ, ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաներ: 

Կարեն Կարապետյանը, կարևորելով գործընթացը, նշել է. «Մենք բիզնեսի հետ կնքում ենք պայմանագիր և ասում, որ այս ծառայությունը տրամադրում ենք անվճար, մշտադիտարկում ենք անում և երբ խնդիր ենք նկատում, զգուշացնում ենք: Եթե չենք զգուշացրել, ապա վերջինս պատասխանատվություն չի կրելու, եթե այն հետո հայտնաբերվի: Կանխարգելում ենք, իրեն հուշում ենք, որ կարող է սխալ ուղով գնալ: Չափազանց կարևոր գործընթաց է, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել»: Վարչապետը հավելել է նաև, որ անհրաժեշտ է ոլորտների քանակն ընդլայնել: 

Սահմանվել է նաև հորիզոնական մոնիթորինգի անցկացման վերաբերյալ դիմումի ձևը, լրացման, ներկայացման կարգը և ժամկետները, համաձայնագրի ձևը, կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերը, կնքման, մերժման հիմքերը, մոնիթորինգի անցկացման և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը (այդ թվում` գործարքների փաստաթղթավորմանը) և հաշվապահական հաշվառման ծրագրին իրական ժամանակում հարկային մարմնի տեղեկատվական համակարգի համար լրիվ հասանելիության ապահովման կարգը:

Մասնավորապես նախատեսվում է, որ հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու համար կազմակերպությունները դիմում պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով, մինչև հորիզոնական մոնիթորինգ իրականացնելու հարկային տարվան նախորդող հարկային տարվա հունիսի 30-ը: Սահմանվում են նաև կազմակերպության կամ հարկային մարմնի կողմից հորիզոնական մոնիթորինգի անցկացման վաղաժամկետ դադարեցման կարգն ու ժամկետները:
Կառավարությունն ընդունել է «ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «Կ», «Հ», «Փ» և «Ք» սերիաների ակցիզային դրոշմանիշերը կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Դա կնպաստի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման նկատմամբ առավել արդյունավետ հսկողություն սահմանմանը: