Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի մասնավոր բուժհաստատություններում սպասարկման որակի նկատմամբ վստահությունն ավելի մեծ է, քան պետականի:
Yerkir.am-ի հետ զրույցում պետական գույքի մասնավորեցման` 2017-2020 թվականների ծրագրի շրջանակներում քննարկվող որոշ պետական բուժհաստատությունների մասնավորեցման անհրաժեշտությունից խոսելով՝ Հակոբյանն ընդգծեց, որ մասնավոր բուժհաստատություններում բուժսպասարկումն «ավելի ճիշտ է կազմակերպված»:
«Հայաստանում այսօր ունենք մասնավոր և պետական հիվանդանոցներ, և հիմա հարց` որտե՞ղ է սպասարկումը կամ բուժօգնությունը ճիշտ կազմակերպվում: Բոլորս համոզված ենք՝ մասնավոր հիվանդանոցներում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ ստացվում է պետական բուժհաստատությունների նկատմամբ մարդիկ պետք է վստահություն չունենան, Հակոբյանը պատասխանեց. «Կրկնում եմ` բոլորս համոզված ենք, որ մասնավոր հիվանդանոցներում բուժսպասարկումն ավելի ճիշտ է կազմակերպված և որակյալ է: Հետո ասեմ նաև, որ կարևոր չէ՝ բուժսպասարկումը որ շենքում է կազմակերպված` հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող շենքո՞ւմ, թե՞ որևէ մեկին պատկանող մասնավոր հաստատությունում: Սոցիալական առումով` եթե սոցիալական նեղ շերտին պետությունը օգնում է պետական բյուջեից, միևնույն է, պետության համար կարևորը շենքը չէ, այլ սպասարկման որակը»:
Անդրադառնալով մասնավոր բուժհաստատություններում բուժսպասարկման ավելի բարձր գներին՝ Հակոբյանն ասաց. «Գների առումով` ցանկացած ժամանակ առողջապահության նախարարությունն ունի կոնկրետ գներ, որոնք մշակվում են նախարարության կողմից: Պետպատվերը գնում է այդ գներով, իսկ հաստատուն գների դեպքում մշակողը մեկ է, գին հայտարարողը մեկ է, պետպատվեր կատարողը մեկ է, սա պետություն է: Հիմա ի՞նչ տարբերություն՝ մասնավոր շենքո՞ւմ կլինի, թե՞ պետական հիմնարկությունում»:
«Մասնավոր հիվանդանոցներում գինն ավելի բարձր է, ուրեմն, մասնավորեցնելով բոլոր հիվանդանոցները, մենք մրցակցության արդյունքում կունենանք բուժսպասարկման գնի իջեցում, սա հստակ է: Իսկ պետպատվերի պարագայում բացարձակ նույնն է՝ թե՛ պետական հաստատություններում, թե՛ մասնավոր: Նույն գինը բոլոր հիվանդանոցների համար է»,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, թե վտանգ կա, որ պետական բուժհաստատությունները, վերածվելով մասնավորի, կարող են բուժհաստատության գործառույթների փափոխության հանգեցնել, Հակոբյանն արձագանքեց. «Ոչ, մենք օրենքում ամրագրում ենք, որ պրոֆիլները չեն փոխվելու»: