կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-07 21:39
Տնտեսական

Ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել ջերմոցային տնտեսությունները

Ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել  ջերմոցային տնտեսությունները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի և Արմավիրի մարզեր`  դիտարկելու  նախօրեի ուժեղ քամու  և կարկուտի պատճառով գյուղատնտեսությանը հասցված  վնասի չափերը: Փոխնախարարը մասնավորապես եղել է առավել մեծ վնասներ կրած Սիփանիկ, Արտիմետ, Խորոնք համայնքներում, զրուցել գյուղացիների և համայնքների ղեկավարների հետ:

 Դիտարկումների արդյունքներով՝ ուժեղ քամու պատճառով մեծ վնասներ են կրել  ջերմոցային տնտեսությունները, հիմնականում վնասվել են պոլիէթիլային թաղանթներ,  մետաղյա կոնստրուկցիաներ, ինչպես նաև լոլիկի և վարունգի բերքը:

 «Խնդրել ենք, որպեսզի համայնքային և մարզային  հանձնաժողովները վնասների չափերը հաշվարկեն, ներկայացնեն հանրապետական հանձնաժողով, որտեղ դրանք կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն, որպեսզի հնարավորության դեպքում  գյուղացիներին օժանդակություն ցուցաբերվի՝ վնասը մեղմելու նպատակով: Ցավալի է, մարդիկ նոր էին սկսել բերքահավաքի աշխատանքները, և առանձին տնտեսություններ իսկապես մեծ նյութական վնասներ են կրել, սակայն հուսադրողն այն է, որ   մնացած հատվածներում հաջող բերք է սպասվում և կարտոֆիլի, և ցորենի, և բանջարեղենի»,-նշել է Աշոտ Հարությունյանը:

 Փոխնախարարի խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի կարկտահարության դեպքերն ավելի քիչ են եղել: Ուժեղ կարկուտ տեղացել է Սյունիքի մարզի որոշ համայնքներում, մնացած դեպքերում՝ Շիրակում, Տավուշի, Արմավիրի մարզում  կարկտահարությունը հիմնականում թեթև վնասներ է հասցրել:

 Աշոտ Հարությունյանը նաև կարևորել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա  ապահովագրել գյուղացիների աշխատանքը նման բնական աղետներից, որտեղ մարդկային գործոնը որևէ բան փոխելու առումով անուժ է:

 Արտիմետ համայնքի ղեկավար Վարդան Միրզախանյանի խոսքով՝ բաց բնահողում մշակվող բույսերին քամին վնաս չի հասցրել, թեթևակի վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, սակայն երկրորդ բերքի միջոցով հնարավոր է փոխհատուցել վնասը, ջերմոցային տնտեսություններին հասցված վնասի չափերը դեռևս ճշտվում են: Համայնքապետը հավելել է, որ Արտիմետում այս տարի հատկապես կարտոֆիլի բարձր բերք են ակնկալում: