կարևոր
3574 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-21 17:45
Հասարակություն

Վագըֆ գյուղը մեծ վնասներ է կրել երեկվա երկրաշարժերից

Վագըֆ գյուղը մեծ վնասներ է կրել երեկվա երկրաշարժերից

Երեկ տեղի ունեցած երկրաշարժերից մեծապես տուժել է պաշտոնապես Թուրքիայի «միակ հայկական գյուղը» համարվող Վաքըֆլըն։ Երկրաշարժերի հետևանքով այստեղի որոշ կառույցների պատեր քանդվել են։ Գյուղում նաև վրանների կարիք է առաջացել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Ըստ աղբյուրի՝ երեկ գրանցված երկրաշարժերի պատճառով կոտրվել է Վաքըֆլըի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարի մայրիկի ոտքը։ Որոշ շենքեր անշահագործելի վիճակում են հայտնվել։

Երեկ՝ փետրվարի 20-ին, ժամը 20։04-ին տեղի ունեցած 6,4 բալանոց երկրաշարժն այս անգամ էական վնասներ է հասցրել հայկական Վաքըֆլը գյուղին։ Պատրիարքարանից ստացված պարզաբանման համաձայն՝ գյուղի եկեղեցին մեծապես տուժել է երկրաշարժերից։

Հիշեցնենք, որ Վաքըֆլըն այն համեմատաբար քիչ բնակավայրերի շարքում էր, որոնք չէին տուժել փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից։ Սակայն այս անգամ բնության արհավիրքը չի շրջանցել նաև այս հայկական բնակավայրը։

Վաքըֆլըի գյուղապետ Պերճ Քարթունը թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է, որ երեկվա երկրաշարժերից հետո եկեղեցին փակվել է։ Քարթունը նաև հավելել է․ «Վերջին երկրաշարժից եկեղեցին գրեթե քանդվել է։ Ներկա պահին այն անշահագործելի վիճակում է հայտնվել։ Արտաքին պատերն ավիրված են։ Ներսում ևս բավականին մեծ վնաս է գրանցվել։ Անհնար է եկեղեցում պատարագ մատուցել կամ եկեղեցի մտնել»։

Քարթունը «Անադոլուի» թղթակցին նաև հաղորդել է, որ նման վիճակում են գտնվում նաև Վաքըֆլըի տները, որոնցից որևէ մեկն ուղղակի անհնար է մտնել։ Ըստ Քարթունի՝ բոլոր տների վրա ճաքեր են հայտնվել։ «Այլևս դատապարտված ենք վրաններում ապրել։ Բայց և այնպես, փառք ենք տալիս Աստծուն, որ գոնե ոչ մի զոհ չունենք։ Դրանով ենք մխիթարվում»։

Այստեղի հայ համայնքի նախկին ղեկավարներից Կարպիս Քուշը «Անադոլուի» թղթակցին ասել է․ «Մեր վիճակը վատ է, սակայն այստեղ ամենուրեք է այդ դրությունը։ Չենք կարողանում մեր տներ և աշխատավայրեր մտնել։ Ոչ մի զոհ չունենք, ուրախ ենք դրա համար, բայց ամենուրեք վատ վիճակ է։ Ցավակցում եմ բոլոր զոհերի հարազատներին»։

https://www.agos.com.tr/tr/yazi/28215/vakiflikoy-de-hasar-ve-cadir-ihtiyaci

https://www.aa.com.tr/tr/asrin-felaketi/hatay-merkezli-deprem-meryem-ana-kilisesindeki-hasari-artirdi/2826625

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net