կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-01 14:45
Իրավական

«Հրազդան» ՔԿՀ-ի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. դատապարտյալից կաշառք էր պահանջել

«Հրազդան» ՔԿՀ-ի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. դատապարտյալից կաշառք էր պահանջել

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել:

Այսպես, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Է. Ասատրյանը,  «Հրազդան» ՔԿՀ-ում ծառայություն իրականացնելիս, 29.01.2017թ.-ին դատապարտյալ Ա. Մանուկյանի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար  նրանից կաշառք է պահանջել: Սակայն Ա. Մանուկյանը չի կատարել ՔԿՀ աշխատակցի անօրինական պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է ուղարկել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Է. Ասատրյանը, նրանից վրեժխնդիր լինելու անձնական դրդումով, պաշտոնեական կեղծիք է կատարել. իրականությանը չհամապատասխանող կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով փորձել է խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Է. Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ  քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: