Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արա Բաբլոյանին ԱԺ նախագահի պաշտոնում նշանակումը շատ լավ ընտրություն է. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախորդ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գարեգին Նուշիկյանը: Նա նշեց, որ շատ ուրախ է հատկապես Խոսրով Հարությունյանի համար, ով ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:
«Ուրախացրեց նաև Հակոբ Հակոբյանի, Գագիկ Մինասյանի՝ հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընտրվելը: Շատ ափսոսում եմ, որ Վարդան Այվազյանը, Ալեքսան Պետրոսյանը չկան նոր ԱԺ-ում: Իսկ ինչ վերաբերում է պարոն Բաբլոյանի նշանակմանը, ասեմ, որ շատ լավ ընտրություն է: Նա լավ մարդ է, բոլոր խմբակցությունների հետ կարող է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել»,- ասաց Նուշիկյանը՝ հավելելով, որ դրական փոփոխություն է համարում նաև այն, որ 6-րդ գումարման խորհրդարանում նվազել է պատգամավորների թիվը: «Մնում է հուսանք, որ ավելի արդյունավետ կաշխատեն: Շատ նոր պատգամավորներ կան, որոնց չեմ էլ ճանաչում, բայց հույս ունեմ, որ կա աշխատելու որոշակի պոտենցիալ»,- նշեց մեր զրուցակիցը:
Խոսելով նոր խորհրդարանի փոխխոսնակների մասին՝ Նուշիկյանն ասաց, որ նրանց ընտրության արդյունավետությունը կարելի է դիտարկել նրանց մասնագիտական կարողությունների համատեքստում: «Պետք է ասեմ, որ Շարմազանովը շատ լավ քաղաքական գործիչ է, Միքայել Մելքումյանը լավ տնտեսագետ է, երրորդն էլ լավ իրավաբան է: Այս երեք ուղղություններն են պետության համար ամենակարևորները: Կուզենայի, որ մեր ԱԺ նախագահն էր լիներ տնտեսագետ, իսկ եթե այդ պաշտոնում լիներ Խոսրով Հարությունյանը, ավելի արդյունավետ կլիներ աշխատանքը: Նա տնտեսությունը ղեկավարելու շատ մեծ փորձ ունի, իսկ տնտեսությունը մեզ համար ամենակարևոր ուղղությունն է: Կարծում եմ՝ ինչ-որ տեղ Մելքումյանն այդ բացը կարող է լրացնել: Արփինե Հովհաննիսյանն էլ ունի պատգամավորական աշխատանքի փորձ, կառավարությունում աշխատել է, լավ իրավաբան է: Մի խոսքով՝ բավականին մեծ հույսեր կան»,- ընդգծեց նախկին պատգամավորը:
Խոսելով ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության օրն ամենաքիչ (56 կողմ, 36 դեմ) «կողմ» ձայն ստացած` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի մասին՝ Նուշիկյանը կարծիք հայտնեց, որ ձայների այդպիսի հարաբերակցության հիմքում ոչ թե Աշոտյանի մասնագիտական կարողությունների ցածր մակարդակն է, այլ որոշակի անձնական հարցեր: «Քիչ ձայները անձնական հարաբերությունների դաշտից բխող խնդիր է: Նա գրագետ անձնավորություն է, կարծում եմ` որ Արտակ Զաքարյանին կկարողանա փոխարինել»,- նշեց նա:
Ի դեպ, մեր զրուցակիցն անդրադարձավ նաև խորհրդարանում ընդդիմադիր գործունեության հակված քաղաքական ուժերին: «Կարծում եմ` ընդդիմադիր կլինի «Ելք»-ը, և ասեմ, որ այնտեղ շատ լավ երիտասարդություն է հավաքված: Իսկ «Ծառուկյան» դաշինքը կառուցողական ընդդիմություն է»,- նշեց նա:
Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ Նուշիկյանն ասաց, որ զբաղվելու է բիզնես գործունեությամբ, սակայն, քանի որ քաղաքականության մեջ դոգմաներ չկան, հնարավոր համարեց նաև վերադարձը քաղաքական կյանքին:
«Ժամանակը ցույց կտա, բայց հիմա ես ավելի շատ նախատեսում եմ զբաղվել բիզնեսով, բայց եթե լինի անհրաժեշտություն, ելնելով ինչ-որ պահանջարկից, նոր կմտածեմ քաղաքականություն վերադառնալու մասին»,- ասաց նա՝ չբացառելով, որ կարող է ներկայացվածություն ունենալ նաև գործադիրում: «Կրկնում եմ` հիմա ավելի շատ հակված եմ բիզնեսով զբաղվելուն, որովհետև շատ անելիքներ կան, բավականին նոր ծրագրեր կան, այս պահի դրությամբ առավել արդյունավետ կլինի իմ ներգրավվածությունը բիզնեսում: Դրանից ելնելով էլ` ես չառաջադրվեցի ԱԺ ընտրություններում»,- եզրափակեց Գարեգին Նուշիկյանը: