Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հնարավոր բացասական հետևանքներին: Ըստ նրա` էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում առաջ քաշված պնդումները, թե 6,93 դրամն այն ամենն էր, ինչը հնարավոր եղավ անել, որ ավելի չբարձրանա սակագինը, իրականությանը չի համապատասխանում:
Սաֆարյանի կարծիքով` այն բոլոր կորուստները, որոնց մասին այդքան խոսվում է, յուրացումների արդյունք են: Նա նշեց նաև, որ այս հարցում կառավարությունը թերացել է և կանխարգելիչ քայլեր չի ձեռնարկել:
Սաֆարյանն ասաց նաև, որ այս հարցում բավական օգտակար կարող է լինել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի գործարկումը, ինչպես նաև Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցումը: Նրա կարծիքով` այն կարող է էլեկտրաէներգիայի բավարար քանակ ապահովել, ինչը կնպաստի կորուստներից խուսափելուն:
Վազգեն Սաֆարյանը նշեց նաև, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը բացասական ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության ցանկացած ճյուղի վրա:
«Ես առաջարկում եմ այս վիճակը հաղթահարելու, պարտքերը մարելու համար լուրջ քայլեր անել: Օրինակ` ՀԷՑ-ի կուտակած պարտքերից 23,4 միլիարդ դրամը եթե վճարի մեր կառավարությունը, դա կարող է շատ հարցեր կարգավորել: Թող իրենց ծախսերը կրճատեն: Այդքան գործուղումների չգնան ու դրա հաշվին գումարներ խնայեն ու իմ նշած գործողությունները կատարեն: Փոխնախարարները բոլորը մեքենաներով են շրջում, քարտուղարուհիներ ունեն: Թող այդ ամենը քչացնեն: Արտասահմանյան երկրներում պաշտոնյաները ո՞նց են ավտոբուսով գնում աշխատանքի, թող իրենք էլ այդպես անեն»,- ասաց նա: