Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ում գերատեսչության նոր նախագահ Վարդան Հարությունյանին ներկայացնելիս մի քանի հանձնարարականներ է տվել: Մասնավորապես` նա անդրադարձել է սահմանին «հսկիչ գին» կոչվող մեխանիզմին, նշել, որ անհրաժեշտ է կիրառել ապրանքների մաքսային արժեքների հաշվարկի` գործարքի գնի մեթոդը՝ հիմք ընդունելով արտահանող երկրի մաքսային մարմինների կողմից հաստատված արտահանման ինվոյսը, հստակ սահմանել այն երկրների ցանկը, որոնց նկատմամբ արժանահավատություն կա և ընդունել այնտեղի ինվոյսի գինը, նաև` ոլորտը կանոնակարգել, վերացնել փաստաթղթային քաշքշուկները, փոքրացնել հսկիչ գների կիրառման դաշտը:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը ողջունեց այդ հանձնարարականները` ասելով, որ բոլորն են դրան սպասել: «Դա դրականորեն կազդի գործարարների վրա, եթե գործարարները, իհարկե, չչարաշահեն դա, օրինակ` ապրանքագրերի հետ կապված` ազնիվ գործեն: Ընդհանուր առմամբ, դրական հանձնարարական է, որի արդյունավետությունը ժամանակի մեջ կերևա»,- ասաց նա:
Վարչապետը հանձնարարել էր նաև վարչարարությունն այնպես կանոնակարգել, որ փաստաթղթային քաշքշուկներն ու դրանց հետ կապված կոռուպցիոն երևույթները վերանան: Գարեգին Նուշիկյանի խոսքով` իհարկե, կան մանր կաշառակերության երևույթներ, և եթե դրանք էլ վերացվեն, միայն լավ կլինի:
«Ընդհանրապես` հարկային-մաքսային ոլորտում բոլոր տեսակի մանր-մունր խոչընդոտները, որոնք, ցավոք, մեր երկրում շատ են, եթե նվազեցվեն, դրանով կառավարությունն արդեն իսկ դրական մեծ աշխատանք կատարած կլինի»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով` նոր կառավարության նոր գործելաոճը հույսեր է ներշնչում, որ կառավարությունը կգնա կուտակված խնդիրները աստիճանաբար լուծելու ճանապարհով:
Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարականին` այնպես անել, որ արմատապես փոխվի ՊԵԿ ծառայողի կերպարը, որ բոլորի համար հավասար դաշտ սահմանվի, Նուշիկյանի խոսքով` եթե շատ եվրոպական երկրների կամ մեր հարևան Վրաստանին հաջողվել է դա անել, ուրեմն Հայաստանին էլ կհաջողվի, եթե քաղաքական կամք գործի դնեն:
Պատգամավորը նշեց, որ ճանաչում է ՊԵԿ նոր ղեկավար Վարդան Հարությունյանին: Նա խելացի անձնավորություն է, աշխատանքի մեծ փորձ ունի, և չնայած, ըստ Նուշիկյանի, «անդարդ գլուխը դարդի տակ է դնում», սակայն եթե արդեն իսկ համաձայնել է զբաղեցնել այդ պաշտոնը, ուրեմն գիտի` ուր է եկել, քաղաքական աջակցությունն էլ կա, ուրեմն կհաջողի: