Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ մայրաքաղաքում. Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել են ԱՄՆ կոնգրեսականները:
«Ձեզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլեւս անելիք չունեն, Դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում»,- Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված այս խոսքերով բացել է Կոնգրեսի լսումները ԱՄՆ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը:
Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկում էին մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ «տեղի ունեցած հանցագործությունը», որի ընթացքում Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա. «Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամաֆաշիզմ սեփական երկրում եւ դառնալ գլխավոր ֆաշիստ»:
Կոնգրեսական Ռորաբահերի կոչը միանշանակ էր՝ Էրդողանն այլեւս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի: «Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին` նա սեփական ժողովրդի թշնամին է»,- ասել է նա:
Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծեց, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ կոնգրեսական Շերմանը տեղի ունեցածն անվանել է ԱՄՆ ինքնիշխանության դեմ հարձակում: «Մինչեւ անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն չստանանք, նույնիսկ չպետք է քննարկենք Թուրքիայի հետ նրանց հուզող խնդիրները»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարության մեջ նշել էր, թե թուրքական անվտանգության աշխատակիցները ստիպված էին միջամտել Էրդողանի անվտանգության պահպանման նպատակով: Կոնգրեսական Շերմանի խոսքով` տեսագրությունն ապացուցում է, որ Ռեջեփ Էրդողանին որեւէ վտանգ չէր սպառնում հեռավոր տարածության վրա հավաքված շուրջ 10 խաղաղ ցուցարարից: «Դեսպանի հայտարարությունը սուտ է, որը փորձում է կոծկել ֆիզիկական ագրեսիան, եւ նա պետք է անհապաղ դուրս հրավիրվի մեր երկրից»,- պահանջել է նա:
Լսումների հրավիրված տուժածներն ու փորձագետները ներկայացրել են տեղի ունեցածը: Մասնավորապես` Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով` հարձակումը սկսվել է անսպասելի, կարծես՝ հրամանով: «Երբ ոստիկանները հրահանգում էին նրանց կանգ առնել, նրանք ուղղակի անտեսում էին այդ հրամանները, մի բան, որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»,- ասել է նա:
Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդն իր կողմից խորհուրդ է տվել արդեն հետաքրքրվել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ եւ հաղթեն դատերը, ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու համար:
Ամփոփելով լսումները` կոնգրեսական Թեդ Փոն նշել է, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ եւ միանշանակ: «Մեր ուղերձը աշխարհի բոլոր բռնակալներին պետք է լինի մեկը՝ մի' վնասեք Ամերիկայի քաղաքացիներին եւ նրանց սահմանադրական իրավունքները, հակառակ դեպքում` կզղջաք այն օրվա մասին, երբ դա արեցիք»,- նշել է նա:
Աղբյուրը՝ «Ամերիկայի Ձայն»