կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-25 18:00
Իրավական

Տիգրան Ուրիխանյանը խուսափո՞ւմ է ներկայանալ դատարան

Տիգրան Ուրիխանյանը խուսափո՞ւմ է ներկայանալ դատարան

Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը: Նշենք, որ Անի Հովհաննիսյանը մեկ տարուց ավելի է գտնվում է կալանքի տակ:

Նախատեսվում էր, որ այսօր դատարանը կլսի այս գործով վկա Վարդիթեր Գիշյանին և տուժող` ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, սակայն նրանք դատարան չէին ներկայացել: Վարդիթեր Գիշյանը հերթական անգամ դիմում էր գրել դատարանին՝ նշելով, որ չի կարող գալ դատարան՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: Իսկ Տիգրան Ուրիխանյանի՝ ծանուցում ստանալու վերաբերյալ դատարանը հավաստագիր չէր ստացել:

Վկայի և տուժողի դատարան չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել տուժողին:

Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Անի Հովհաննիսյանը, հանդիսանալով Analitik.am լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ, Analitik.am լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, ով հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, և նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից 15.03.2016թ. պահանջել է խոշոր չափի` 1.000.000 ՀՀ դրամ գումար: