կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 14:22
Իրավական

Ուզում եմ մեղավորները պատժվեն. Չարբախում սպանվածի կինը չի ուզում ներկայանալ դատարան

Ուզում եմ  մեղավորները պատժվեն. Չարբախում սպանվածի կինը չի ուզում ներկայանալ դատարան

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում տեղի ունեցած` երկու անձի աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալների հեռախոսային զանգերի և տեսակցությունների արգելքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնի քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը՝ Ալիկ Բանդուրյանը, նրա մտերիմ` Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը և Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը: Նորատուսցի Ալիկի և Չարբախցի Գեղամի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Արմեն Գասպարյանի՝ Բդոյի նկատմամբ կիրառվել է գրավ:

Նախքան խորհրդակցական սենյակ հեռանալը դատավորը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց այս գործով վկաներին: Նիստերի դահլիճում վկաների գտնվելու մասին բարձրաձայնել էր գործով մեղադրող դատախազը: Նա նշել էր, որ դահլիճում է նաև այս գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի որդին` Գոռ Իսրայելյանը: Մինչ կպարզեին, թե ներկաներից որ մեկն է Գոռ Իսրայելյանը, դահլիճում ներկա քրեական հեղինակություն Արա Բանդուրյանը գլխի շարժում հասկացրեց վկային, որ դուրս գա:

Այսօր դատարան էր մուտք եղել տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդ Նարինե Հովհաննիսյանի դիմումը, որում նա հայտնել էր, որ այժմ գտնվում է վշտի մեջ, ուստի չի կարող ներկա լինել նիստին: Տուժողի իրավահաջորդը խնդրել է հարգելի համարել իր բացակայությունը եւ հիմք ընդունել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները: «Ցանկանում եմ մեղավորները պատժվեն օրենքի սահմաններում»,- իր դիմում մասնավորապես գրել է տուժողի իրավահաջորդը:

Նշենք, որ Ալիկ Բանդուրյանը մեղադրվում է 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել դրդելու մեջ: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար` խոչընդոտները վերացնելու եղանակով: