կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-25 12:25
Իրավական

Դատախազը խուսափո՞ւմ է Արայիկ Պետրոսյանի պաշտպանի հետ առերեսվելուց

Դատախազը խուսափո՞ւմ է Արայիկ Պետրոսյանի պաշտպանի հետ  առերեսվելուց

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես եկավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես` հայտնի դարձավ, որ հանցագործության ամբողջական բացահայտման և հանցագործություն կատարած բոլոր անձանց պարզելուն և մերկացնելուն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների ներգրավմամբ, նոյեմբերին ստեղծվել է համատեղ օպերատիվ-քննչական նոր խումբ:

 

Այս գործով շուրջ 10 ամիս կալանավորված` Պռոշյանի բնակիչ Արայիկ Պետրոսյանի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար զարմանալի է այն, որ դատախազությունը նոր քննչական խմբի ստեղծման մասին միայն մեկ ամիս անց է հայտարարում, և պաշտպանական կողմը դրա մասին լրատվամիջոցներից է տեղեկանում:

 

«Այդ հաղորդագրությամբ ենթատեքստով հասարակությանը մատուցվում է այն, որ մինչ օրս նախաքննություն իրականացնող մարմնի գործողությունները ձախողման են մատնվել, գործի քննության ընթացքում որևէ տեղաշարժ չի գրանցվել, ինչը ստիպել է գլխավոր դատախազության նոր ղեկավարությանը հանդես գալ նոր քննչական խումբ ձևավորելու որոշմամբ` հույս ունենալով, որ այն կբացահայտի գործը»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ այդ կերպ դատախազությունը հիմնավորել է պաշտպանական կողմի` բազմիցս հնչեցրած այն հայտարարությունները, որ նախաքննությունը մտել է փակուղի:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին, Պետրոսյանի աջակիցների և փաստաբանի մասնակցությամբ, ակցիա էր տեղի ունեցել դատախազության շենքի առջև` ուղղված Պետրոսյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ: Փաստաբանին դատախազությունից իրազեկել էին, որ գլխավոր դատախազը հաջորդ շաբաթ կընդունի իրենց, սակայն, ինչպես տեղեկացրեց Նորիկյանը, մինչ օրս իրենք հրավեր չեն ստացել: «Մենք ուշի ուշով հետևում ենք իրադարձություններին»,- ասաց փաստաբանը: