կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-19 15:59
Հասարակություն

Արհեստագործական ուսումնարանների օպտիմալացումից կրճատումներ չեն լինի. Լևոն Մկրտչյան

Արհեստագործական ուսումնարանների օպտիմալացումից կրճատումներ չեն լինի. Լևոն Մկրտչյան

Մայիսի 11-ին կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել նախնական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման, խոշորացման ծրագիր:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ արհեստագործական ուսումնարանների դեպքում հստակ օպտիմալացման կարիք կա, քանի որ մի փոքրիկ տեղում աշխատում են և՛ արհեստագործական ուսումնարանը, և՛ քոլեջը` երկուսն էլ` 30-40 աշակերտով: «Մենք կարող ենք նրանց միավորել և կրթությունը պահել մեկ շենքի մեջ` միջին մասնագիտական կրթական հաստատությունն իրավունք ունի տալ արհեստագործական կրթություն: Այստեղ ուսուցչական կրճատում չի լինի, քանի որ մենք կարիք ունենք մասնագետների, ուղղակի շենքային ավելորդ ծանրաբեռնվածությունից կխուսափենք: Հիմա Եվրամիության հետ բանակցում ենք, որպեսզի կարողանանք նպատակային ծրագրեր ներդնել»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ արհեստագործական ուսումնարանների դեպքում խոշորացնելու և ուղղորդելու կարիք կա, բացի այդ` պետք է լրջորեն նայեն նաև մասնագիտությունների դրվածքին: «Սա այն տեղն է, որտեղ մասնագիտությունների հարցում ամբողջությամբ պետք է աշխատաշուկան թելադրի, և հենց աշխատաշուկան էլ կառավարման համակարգի մաս պետք է կազմի»,- ասաց Մկրտչյանը: