կարևոր
3673 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-07 16:15
Հասարակություն

Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց քննությունների ընդունվել Ագրարային համալսարան

Քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց քննությունների ընդունվել Ագրարային համալսարան

2024-2025 ուսումնական տարում քոլեջների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները կարող են առանց միասնական քննությունների ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան։

ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նշված ուսումնական հաստատությունների շրջանավարտներին (անկախ ավարտման տարեթվից) այդպիսի հնարավորություն է ընձեռում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ․ օգոստոսի 1-ի հրամանը, որով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների գյուղատնտեսության և հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցմամբ փորձնական ընդունելության կարգը։

Այս կարգի ընդունումը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ագրարային և հարակից ոլորտների մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից է բխում։

Հաստատված կարգով սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ ՀԱԱՀ բակալավրիատի համապատասխան կրթական ծրագրերով փորձնական ընդունելության ընթացակարգը, ժամկետները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ըստ կրթական ծրագրերի առկա տեղերի և համապատասխան արհեստագործական և միջին մասնագիտական մասնագիտությունների ցանկերը։

Առկա ուսուցման համար դիմումերն ընդունվում մինչև օգոստոսի 30-ը՝ հետևյալ կրթական ծրագրերով․
- Անասնաբուժություն - 50 տեղ,
- Ճշգրիտ գյուղատնտեսություն - 35 տեղ։

Հեռակա ուսուցման համար դիմումերն ընդունվում մինչև սեպտեմբերի 30-ը՝ ՀԱԱՀ բակալավրիատի ոչ տնտեսագիտական բոլոր (բացի «Անասնաբուժություն» և «Ճշգրիտ գյուղատնտեսություն») կրթական ծրագրերով - 405 տեղ։

Կարգին կարելի է ծանոթանալ այստեղ։
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ագրարային համալսարանի դասախոս Գվիդոն Մատինյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարևորեց, որպեսզի վերականգնվի՝ գյուղական բնակավայրերի դիմորդներին առանց քննության և մրցույթի բուհ ընդունելու վերաբերյալ կարգը․ նրա խոսքով՝  այդ հարցով, նույնիսկ, ՀՀ վարչապետին են դիմել։