կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 18:20
Հասարակություն

Կառավարությունը կփորձի հաղթահարել Հայաստանում ծերացման հետևանքները

Կառավարությունը կփորձի հաղթահարել Հայաստանում ծերացման հետևանքները

Այսօր կառավարությա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Նախագծով հաստատվող Ռազմավարության նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար, ապահովելով նրանց ակտիվ ու արժանապատիվ ծերացման գործընթաց:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ծնելիության անկումն ու միգրացիայի բարձր տեմպերը հանգեցրել են նրան, որ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան) կազմում է ՀՀ մշտական բնակչության ընդհանուր թվաքանակի (2 995,1 մլն) 66.3%-ը, աշխատունակ տարիքից ցածրը (0-15 տարեկան)՝ 20.8%-ը, իսկ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12.9%-ը (387 659 մարդ): 65 տարին լրացած անձանց թիվը կազմում է 323 100 կամ բնակչության ընդհանուր թվի 10.8%-ը:

Այսօր գործող համակարգում շեշտը դրված է առավելապես խնամքի կարիք ունեցող տարեցներին խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ տրամադրելու վրա՝ հիմնականում խնամքի շուրջօրյա հաստատություններում, սակայն վերջին տարիների ուսումնասիրությունները փաստում են, որ տարեցներն իրենք իսկ կարևորում են առողջ ծերացումն ու հասարակական ակտիվությունը, սոցիալական ներառումն ու այլընտրանքային ծառայությունները, որոնք տարբերվում են դասական տուն-ինտերնատներից:

Նախագծի ընդունմամբ կամրագրվեն ոլորտի նպատակներ և գերակայությունները, կուրվագծվեն առաջիկա տարիներին տարբեր ոլորտներում իրականացվելիք միջոցառումները, արդյունքում կմշակվեն համապատասխան ընթացակարգեր, որոնց իրականացմամբ կբարելավվի տարեցների սոցիալական պաշտպանությունը, կապահովվի նրանց ներառումը հասարակություն, կստեղծվի համապատասխան պայմաններ առողջ և ակտիվ ծերացման համար և այլն:

Ռազմավարությամբ նախատեսվում է ուղենշել ոլորտի գերակայությունները և առաջիկա 5 տարվա ընթացքում բարեփոխել Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը` ընդլայնելով տարեցներին ու հաշմանդամներին տրամադրվող սոցիալական ծառայությունների շրջանակը, ներդնելով ծառայությունների տրամադրման նոր մոդելներ և մոտեցումներ՝ հիմնված տարեցների գնահատված կարիքների վրա: Հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ներառելով ծերացման հետևանքների հաղթահարմանն ու տարեցների կյանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ՝ տարեց մարդկանց համար ապահովել գոյության արժանապատիվ կենսապայմաններ: Որոշումն ընդունվեց: