կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 18:00
Հասարակություն

Ծերացման ցուցանիշով Հայաստանը մեր տարածաշրջանում երկրորդ տեղում է. ժողովրդագետ

Ծերացման ցուցանիշով Հայաստանը մեր տարածաշրջանում երկրորդ տեղում է. ժողովրդագետ

Եթե 2018 թվականն ամբողջությամբ վերցնենք, ապա մշտական բնակչության թվաքանակի հետ կապված բարելավում կա. 2018-ին ՀՀ մշտական բնակչությունը պակասել է 7 700, բայց եթե 2018-ի ապրիլի 1-ի դրությունը համեմատում ենք 2017-ի նույն  ժամանակահատվածի հետ, տեսնում ենք, որ բնակչությունը պակասել է 11 600-ով,  իսկ 2017-ին, 2016-ի համեմատ, 12 900-ով, այսինքն՝ միայն վերջին տարում մշտական բնակչության թվի նվազումը դանդաղել է ավելի քան 30 տոկոսով: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը:

Ըստ նրա՝  վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ ունենք նաև ամուսնությունների թվաքանակի աճ, մասնավորապես` եռամսյակային կտրվածքով, նախորդ տարվա համեմատ, ամուսնությունների թիվն աճել է 202-ով:

«Նաև ամուսնալուծությունների թիվն է բավականին նվազել. եռամսյակային կտրվածքով, նախորդ տարվա համեմատ, նվազումը եղել է  171-ով: Սակայն ծնելիության առումով լուրջ աշխատանք կա տանելու, հատկապես` գյուղական վայրերում: Գյուղական բնակավայրերում վիճակն ավելի վատ է, քան Երևանում: Այն խնդիրները, որ կային գյուղերում, այսօր բացահայտ ձևով սկսել են արտահայտվել, և այստեղ պետք են գործիքակազմեր, որոնք քաղաքում չենք կարող կիրառվել: Պետությունը պետք է մի քիչ կանխիկ գումար ծախսի՝ բարելավելու համար իրավիճակը»,- նշեց ժողովրդագետը:

Արտակ Մարկոսյանի տեղեկացմամբ` 2014-ին ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու ՀՀ-ում անպտղության ցուցանիշները կանանց շրջանում, և պարզվել է, որ 25-45 տարեկան վերարտադրողական տարիքում գտնվող 605.000 կանանցից 90.000-ն ունեցել է առաջնային և երկրորդային անպտղություն` առաջնային՝ 25.000. երկրորդայինը՝ 65.000, ինչն անմիջական ազդեցություն է ունենում ծնելիության ընդհանուր ցուցանիշների վրա:  Ժողովրդագետը նաև շեշտում է, որ համապատասխան ծառայությունները բավականին թանկ հաճույք են:

«Այս առումով կանոնակարգումների տեղ կա. եթե բոլոր կանանց պետությունը չի կարողանում գումար հատկացնել, ապա պետք է գոնե կարգավորի մատուցվող ծառայությունների  գնային սանդղակը, քանի որ դրանց գներն այսօր բավականին բարձր են, և ոչ բոլորն իրենց կարող են թույլ տալ դիմել բժիշկի: Այս տարիքային խումբն այնպիսին է, որ եթե նրանց խնդիրը լուծվի, երկու-երեք երեխա կունենան»,- նշեց Մարկոսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատարն ասաց, որ Հայաստանը բնական աճի ցուցանիշի առումով, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի համեմատ, դեռևս գտնվում է բավականին լավ դիրքում, քանի որ ունենք բնական աճի դրական ցուցանիշ, մասնավորապես՝ նախորդ տարի այս ցուցանիշը կազմել է 10 800 մարդ, իսկ վերջին 27 տարում ունեցել ենք արդեն 430 000 բնական աճի ցուցանիշ: «Եթե մենք ասում ենք, որ 1 միլիոն 100 հազար մարդ արտագաղթել է, բայց մեր բնակչությունը նվազել է մոտավորապես 600.000-ով, հենց բնական աճի դրական ցուցանիշի շնորհիվ է եղել: Եթե մենք Ուկրաինայի և Բելառուսի նման ունենայինք բացասական ցուցանիշ, ապա մեր այսօրվա բնակչությունը ևս 430.000-ով պակաս կլիներ: Այդ բնական աճը փոխհատուցել է այն ահռելի արտագաղթը, որը տեղի է ունեցել. 1991-ին ՀՀ-ի բնակչությունը 3 միլիոն 515 հազար էր, հիմա՝ 2 միլիոն 962 հազար, մենք սրանից էլ քիչ թվաքանակ կունենայինք, եթե բնական աճը չլիներ, դրա դերը շատ կարևոր է»,- մանրամասնեց Մարկոսյանը՝ շեշտելով, որ պիտի այնպես անենք, որ չունենանք դեպոպուլյացիա, երբ մահերը կգերազանցեն ծնունդներին, թեպետ Լոռու մարզում արդեն նման իրավիճակ է, և այս պահին հետազոտություններ են կատարվում՝ պարզելու  համար պատճառները:

Yerkir.am-ի խնդրանքով ժողոովրդագետն անդրադարձավ  նաև Հարավային Կովկասի երկրների ժողովրդագրական պատկերին: «Վրաստանում դեռևս  2007-2008-ին ունեցել ենք դեպոպուլյացիա, այսինքն՝ բնական աճի ցուցանիշը  բացասական է եղել, ներկայում նրանց մոտ դարձյալ  բավական մեծ է մահերի ցուցանիշը, և միայն անցյալ տարի բնական աճը եղել է ընդամենը  4500, մեզ մոտ՝ 10 800 է դեռ: Ադրբեջանը լավ դիրքում է,  քանի որ ունի բավական բարձր բնական աճի ցուցանիշ, միայն նախորդ տարի այն  եղել է 82.000 մարդ: Իհարկե, կասկածելի է Ադրբեջանի՝ 10 միլիոն բնակչության ընդհանուր թիվը, քանի որ 2000-ականներին նրանց մոտից էլ է մեծ արտագաղթ եղել: Մյուս կողմից՝ եթե անգամ նրանք լինեն 8 միլիոն, դա մեզ չի սփոփելու: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բնական լավ աճ ունեն, միայն նախորդ տարի 1 միլիոն 200 հազար է եղել ցուցանիշը, թեպետ վերջին տասնամյակում միջին ցուցանիշը դիտարկվել է 900.000-ից մինչև 1 միլիոնի սահմանում: Թուրքիայի բնակչությունը հասել է 82 միլիոնի: Բայց այնտեղ խնդիր կա, քանի որ բնական աճի մեջ մեծ ցուցանիշ  ունեն քրդերը: Նրանք էլ են սա տեսնում, ուստի Թուրքիայի նախագահը երկրի թուրք կանանց անվանել էր դավաճան, որ երրորդ երեխան չեն ունենում: Իրանում վիճակը ևս բավական բարվոք է, որովհետև ունեն լավ սեռատարիքային կազմ կա, օրինակ` եթե Թուրքիայում միջին տարիքը 29-ն է, մեզ մոտ 35-ի սահմանին  է մոտենում, ապա Իրանում այդ տարիքային թիվը 25-ն է: Իսկ որքան փոքր է միջին տարիքային թիվը, այնքան  բնական աճի տեմպերը մեծ են, անցած տարի Իրանում բնական աճի ցուցանիշը կազմել է 1 միլիոն մարդ, իսկ բնակչության ընդհանուր թիվը 82 միլիոն է: Սա հաշվի առնելով` մենք չպետք է թույլ տանք, որ մեր բնական աճի ցուցանիշը դառնա բացասական»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ ծնելիության ինչպիսի՞ ցուցանիշ է Արցախում՝ ՀՀ-ի հետ համեմատած, Արտակ Մարկոսյանը պատասխանեց, որ Արցախում նորմալ քաղաքականություն է տարվում: «Ծնելիության գումարային գործակիցն Արցախում 2 է, իսկ ՀՀ-ում 2017-ին այն եղել է մոտ 1.6: Արցախում այս ցուցանիշը պայմանավորված է վերաբնակեցման քաղաքականությամբ, երբ մարդուն տուն են տալիս: ՀՀ-ում այդ տարբերակը չի աշխատի, մենք մի քիչ այլ խնդիրներ ունենք»,- ընդգծեց Մարկոսյանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների ծերացման պատկերին` ժողովրդագետը նշեց, որ մեր տարածաշրջանում ծերացման ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է, առաջինը Վրաստանն է, Ադրբեջանն ավելի հետ է:

«Իրանում և Թուրքիայում ծերացման ցուցանիշը 7-8 տոկոս է: Ծերացման գործընթացը հնարավոր է կանխել ծնելիության բարձր ցուցանիշների ապահովմամբ, այս դեպքում այդ վերևի սանդղակը կիջեցվի: Այսինքն՝ ներքևից պիտի կարգավորվի. սեռատարիքային բուրգը ներքևից է կարգավորվում»,- եզրափակեց Արտակ Մարկոսյանը:

Մարիամ Պետրոսյան