կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 19:14
Հասարակություն

Կառավարությունը կփորձի ամբողջական լոքդաունի չգնալ՝ հնարավորինս խուսափելով տնտեսական մեծ վնասներից. տնտեսագետ

Կառավարությունը կփորձի ամբողջական լոքդաունի չգնալ՝ հնարավորինս խուսափելով տնտեսական մեծ վնասներից. տնտեսագետ

Հայաստանում համավարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ. հոկտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2074 նոր դեպք:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 45 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունն առաջարկել է դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը, իսկ բուհերում անցնել հեռավար ուսուցման: Մասնակի լոքդաունի այս առաջարկն ընդունվել է: Ի դեպ, նախարարությունից վստահեցնում են, որ շուտով տարբեր ոլորտներին վերաբերող խստացումներ ևս կլինեն:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կանխատեսել էր համավարակային առկա իրավիճակում տնտեսական գործունեության սահմանափակումները:

«Սա, ըստ էության, լոքդաունի փուլերից մեկն է»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ուսումնական հաստատություններին վերաբերող որոշմանը՝ նշեց տնտեսագետը: Նրա կարծիքով՝ նոր առաջարկներ կլինեն նաև ռիսկային խմբերում գտնվող մարդկանց վերաբերյալ.

«Ռիսկային խմբի՝ 60 տարեկանից բարձր կամ խրոնիկ հիվանդություն ունեցողների առնչությամբ վտանգը շարունակում է մնալ բարձր: Կառավարությունը, կարծում եմ, նաև դրան է անդրադառնալու, և այդ խմբերի քաղաքացիներին պարտադրվելու է հեռավար աշխատանք կամ այլ մոտեցում»:

Թե ի՞նչ տնտեսական հետևանքներ կունենան նման սահմանափակումները՝ մեր հարցին ի պատասխան՝ տնտեսագետը մանրամասնեց.

«Այս սահմանափակումներն իրենց ազդեցությունն են թողնում տնտեսության վրա. ուսանողը, որն օգտվում է տրանսպորտից, այլ ծառայություններից, գումար է ծախսում, և որոշակի տնտեսական ակտիվություն է գրանցվում:

Այսինքն՝ մեր տնտեսության աճը, որը կրճատվել է սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ, այս ցուցանիշների պահպանման պարագայում՝ կշարունակվի նաև հոկտեմբերին: 2021 թվականը մենք չենք կարողանալու փակել կառավարության նախատեսած 6.5 տոկոս տնտեսական աճով, իսկ այս 4.4 տոկոսը, որն ունենք 9 ամիսների հաշվարկով,  հնարավոր է՝ էլ ավելի նվազի, եթե լոքդաունն ավելի խստացվի՝ օրինակ, ռեստորանները, զվարճանքի կետերը, տոնավաճառները փակվեն, տրանսպորտային սահմանափակումներ լինեն,  որոշ ոլորտներ դադարեցնեն իրենց գործունեությունը, և այլն:

Կառավարությունը կփորձի ամբողջական լոքդաունի չգնալ՝ հնարավորինս խուսափելով տնտեսական մեծ վնասներից, բայց դա, բնականաբար, ունենալու է իր բացասական հետևանքները կորոնոավիրուսի տարածման վրա: Այդ շղթայում լուրջ փոփոխություններ չեն լինելու՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում դեռևս ցածր է պատվաստվածների թիվը»: