Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկատուների ցանկը: Առաջին հնգյակում երկուսը ծխախոտ արտադրող ընկերություններ են՝ «Գրանդ Տոբակո» (գլխավորում է հարկատուների ցանկը) և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ», երկուսը՝ հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի հանքավայրը: 168.am-ը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանից հետաքրքրվեց, թե իր դիտարկմամբ՝ ի՞նչ փոփոխություններ կկրի խոշոր հարկատուների ցանկը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև 2021-ի ավարտը 15 տոկոսով բարձրանալու է ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ Սոթքի հանքավայրը շահագործվում է մասնակի:
1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջատարներն առաջիկայում չեն կարողանա վճարել այնքան հարկ, որքան նախկինում
«Փաստենք, որ ծխախոտի արտադրության հիմնական մասը՝ շուրջ 90 %-ը, արտահանվում է, այսինքն՝ ոչ թե ներսի, այլ՝ դրսի շուկայի համար, հետևաբար՝ այդ անուղղակի հարկերը վերադարձվում են արտահանման պարագայում: Արտահանման մասով մեծ փոփոխություն չի լինի, բայց ներքին սպառման մասով, բնականաբար, կլինի թանկացում, ինչը ոչ այնքան կբերի ծխախոտի քանակի կրճատման, որքան որակի փոփոխության, այսինքն՝ կփորձեն ավելի մատչելի ծխախոտի տարբերակն օգտագործել, առողջության համար ավելի վնասակար, բայց, իհարկե, կունենանք նաև քանակի կրճատում: Սա կախված է պահանջարկի ճկունությունից: Եթե փորձեմ ավելի պարզ բացատրել, եթե մեկ միավոր գինը թանկանա մեկ միավորից ավելի, մեկ տոկոսի թանկացումը մեկ տոկոսից ավելի կրճատի քանակը, մենք կունենանք հարկային մուտքերի կրճատում: Այստեղ միանշանակ ասել, որ հարկային բեռի ավելացումը կբերի հարկային մուտքերի ավելացման, այդքան էլ այդպես չէ, դա կախված է պահանջարկից, իսկ ես կարծում եմ, որ ծխախոտի պահանջարկը մեր երկրում ունի ցածր առաձգականություն, այսինքն՝ գնի թանկացումը չի բերի համաչափ պահանջարկի կրճատման: Սա հոգեբանական գործոնի ազդեցություն է, կախվածություն է ծխախոտից, սպառման ծավալների ավելացումը, ինչո՞ւ ոչ, նաև բարոյահոգեբանական մթնոլորտը, որ կա մեր երկրում, ինչպես ասում են՝ դե արի ու մի ծխի»,- ասաց Ավետիսյանը:
Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ տնտեսագետը նշեց, որ ակնհայտ են այդ ոլորտում ունեցած խնդիրները, հատկապես պատերազմից հետո Սոթքի հանքավայրի պարագայում: Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ գործող իշխանությունը փորձում է հակադրել բնապահպանական խնդիրները սոցիալ-տնտեսական խնդիրներին: Տնտեսագետի պնդմամբ՝ այդ հակադրության լուծումը պետք է գտնի առաջին հերթին Կառավարությունը:
«Սկզբից մանիպուլյացրեցին, քաղաքականացրին, հետո պարզվեց, որ իրենք չեն էլ հասկանում այդ խնդիրների խորությունը, հետո նաև հակադրումներով ոլորտը կանգնեցրին անլուծելի վիճակի առաջ: Սոթքի հանքավայրը մեր հիմնական հարկատուն է, առաջին հնգյակում է եղել նաև վերջին տարիներին, հիմա էլ 4-րդ տեղում է, 2020թ.-ը, այսպես ասած, «դզել-փչելով»՝ մի կերպ փակեցին, վճարվեցին հարկերը, էական կրճատում չունեցանք, բայց ակնհայտ է, որ, զուտ տնտեսական գործոնով պայմանավորված, հանքի արդյունավետությունն ու ծավալներն ուղիղ կապ ունեն հանքավայրի թողունակության հետ, եթե կեսից ավելը բուն քո հանքավայրի, փաստորեն, մեկ օրում պարզվեց, որ այլևս դու չունես, դա նշանակում է, որ ունենալու ենք խնդիրներ հենց արդյունահանման ծավալների իմաստով, հետևաբար՝ աշխատատեղերի կրճատում, վճարվող հարկերի կրճատում:
Պակաս կարևոր չեն նաև մասշտաբները, քանի որ այս պահին Սոթքի հանքավայրն այդ մասշտաբների պայմաններում ունի որոշակի տնտեսական արդյունավետություն, եթե փոքրանում է մասշտաբը, դա նշանակում է՝ հանքանյութի արդյունահանման միավոր ծախսերը բարձրանում են: Եթե նույն երկաթգծի թողունակությունը, որից օգտվում են այդ հանքավայրը շահագործելուց, ավելի ցածրանում է, այստեղ հիմնական ծախսերը մնում են, և մենք ունենում ենք միավոր ծախսերի ավելացում, այսինքն՝ դա կլինի ի հաշիվ շահույթի: Խնդիրները բազմաթիվ են, ամենակարևորնանվտանգության հարցն է և հետագա շահագործման մնացած ռիսկերը, ունենալու ենք ծավալների կրճատում՝ իր բոլոր հետևանքներով. կրճատվող շահույթ, կրճատվող հարկեր, կրճատվող աշխատատեղեր»,- ասաց Ավետիսյանը և ավելացրեց, որ Սոթքի հանքավայրը մարզում հիմնական, եթե ոչ՝ միակ, ոչ գյուղատնտեսական աշխտատեղ ապահովողն է:
Կառավարությունը կփորձի հանքարդյունաբերության ոլորտով հարկեր գեներացնել
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հայտնել է, որ 2020 թ.-ին 2019-ի համեմատ՝ 79 միլիարդ դրամով պակաս հարկ է հավաքվել: Տնտեսագետի պնդմամբ՝ բնական է, որ կրճատվել են նաև խոշոր հարկատուների հարկերը:
«2020թ. հարկային մուտքերը նվազել են և շարունակում են նվազել: Պատկերավոր ասված՝ 12 ամսվա հարկի փոխարեն՝ հավաքվել է նախատեսված 10 ամսվա հարկերը, կամ մի փոքր ավելի: Բնական է, որ սա եղել է նաև ի հաշիվ խոշոր հարկատուների: Ընդհանուր առմամբ 100 խոշոր հարկատուների վճարած հարկերը կնվազեն նույն տրամաբանությամբ, որովհետև ընդհանուրը նվազում է, մենք նաև ունենալու ենք տնտեսական կառուցվածքի բացասական միտումներ, փոփոխություններ, որովհետև այն, ինչ խոստացվել էր՝ տնտեսական հրաշքը, հեղափոխությունը, դա, բնականաբար, որևէ կերպ տեղի չունեցավ, ճիշտ հակառակը, և այն ոլորտները, որտեղ մենք համեմատական առավելություններ ունենք, ներկայումս գտնվում են ոչ թե աճի, այլ էական կրճատման մեջ՝ զբոսաշրջություն, հանրային սնունդ, հանգստի ապահովման ոլորտներ, այս փոխառնչվող մյուս աշխատատար ոլորտներն ու ճյուղերը:
Կրճատվել է պահանջարկը, բիզնեսների իրացումը կրճատվել է, գնալով դրանք ավելի քիչ կերևան նաև հարկատուների ցուցակում՝ իրենց տեղը զիջելով առաջին անհրաժեշտության արտադրանք արտադրող և նաև հանքարդյունաբերության ոլորտին: Արդեն ակնհայտ է, որ Կառավարությունն իր ուղղությունը վերցրել է, և փորձելու են արդեն, անտեսելով այն բոլոր բնապահպանական ռիսկերը, որոնք կային և այդպես էլ չլուծված մնացին, որոնք շատ անգամներ քաղաքական դիվիդենտների համար շահարկվում էին օրվա իշխանությունների կողմից, ուղղությունը տանել դեպի հանքարդյունաբերություն:
Նկատվում են դրա ծիլերը: Իրենց մոտեցումն է՝ հանքարդյունաբերության ոլորտով փորձել որոշակիորեն կանգնեցնել կրճատումը տապալված արտահանման և հարկեր գեներացնել: Որքանով կստացվի՝ դա մեծ հարց է: Մենք, բացի ՀՆԱ-ի քանակական կրճատումից, ունենք նաև տնտեսական կառուցվածքի, այսինքն՝ որակական մասի վատացում, այսինքն՝ հիմնական հարկատուների և տնտեսվարողների ցանկերում աստիճանաբար իրենց տեղը կզիջեն այն ոլորտներն ու տնտեսական ուղղությունները, որոնք մեր երկրի համար ունեն համեմատական առավելություններ, զարգացման իրական ներուժ երկար ժամկետում և նաև սոցիալական դրական մեծ ազդեցություն, այսինքն՝ նրանց մեկ տոկոս միավոր աճը շատ ավելի մեծ սոցիալական ներառականություն է ապահովում, որովհետև այդ ոլորտներն աշխատատար են, ստեղծված նյութական արդյունքի մեջ ավելի շատ հանրության ներկայացուցիչներ են մասնակցում: Քովիդ 19-ը, պատերազմի հետևանքները, շարունակվող պետական ձախողված կարգավորման հետևանքներն առաջինը հենց այդ ոլորտների վրա են զգացվում, որոնք ունեն արտահանման կողմնորոշում»,- ասաց տնտեսագետը:
2021-ին նույնքան պակաս հարկ կհավաքվի, որքան 2020-ին
Հարցին, թե իր հաշվարկներով՝ որքա՞ն պակաս հարկ կհավաքվի 2021-ի ընթացքում, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց, որ հավանաբար նույնքան կկրճատվի:
«Կա երեք սցենար, որոնցով կարելի է դիտարկել: Միջին սցենարով ունենալու ենք մոտ այդչափ նվազում, լավագույն սցենարով, եթե շարունակվի այսպիսի կառավարումը, մի փոքր ավելի քիչ նվազում կունենանք, վատագույն սցենարում նույնիսկ վտանգավոր է պատկերացնելը, թե ի՞նչ վիճակում կհայտնվենք, կոլապս, չի բացառվում՝ նաև ներքին ու արտաքին պարտքային ճգնաժամ, որովհետև կարող է հնարավոր չլինել իրականացնել նույնիսկ սոցիալական նվազագույն ծախսերը, որովհետև այդչափ հավաքագրում չենք ունենա, այն պարտավորությունները, որ օրենքով ունի պետությունը, ուղղակի հրաժարվի այդ պարտավորությունների կատարումից, դա հայտնի է տնտեսագիտության մեջ՝ որպես դեֆոլտ»,- ասաց Ավետիսյանը և պնդեց, որ այսպիսի ռիսկեր կան, այս պահին գոնե կարողանում ենք վերագրել վատագույն սցենարին:
Տնտեսագետի խոսքով՝ նույնիսկ լավագույն սցենարի դեպքում չենք ունենալու 2019-ի մուտքերը:
«Առնվազն 6 ամիս մենք ունենալու ենք համավարակով պայմանավորված կարանտինի շարունակությունը, տարվա կեսը նորից նույն սահմանափակումները, որոնք կային 2020-ին, ներդրումները շարունակում են անկում արձանագրել՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը, համաշխարհային տնտեսությունում տիրող պրոցեսները գրեթե նույն ձևով զարգանում են, այսինքն՝ սահմանափակումներն առկա են, նաև այսօրվա կառավարման նույն խնդիրները՝ ձախողումներ, պատասխանատվության բացակայությունը, և ընդհանրապես կառավարման արդյունավետության ցածր մակարդակը, բնական է, որ բոլոր այդ գործոնները եթե առկա լինեն, հույսներս եթե դնենք, որ գոնե տնտեսվարողները կշարունակեն դիմակայել, գոնե չեն գնա զանգվածային ազատումների և տնտեսական գործունեության դադարեցման, գոնե այդպիսի պարագայում ունենալու ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր, և ինքնին ճգնաժամային է: Անգամ միջին սցենարի պարագայում, կարծում եմ, որ կունենանք առավել մեծ անկում հարկային մուտքերի, քան 2020-ն էր»,- ասաց տնտեսագետը: