Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ներկայացնելով հայեցակարգի հիմնական դրույթները՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ այն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը:
Ոլորտում բարեփոխումների իրականացումը պայմանավորված է ՀՀ-ում քայքայված անտառային ռեսուրսների վերականգնումը, անտառածածկի ավելացումը, անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական նշանակության գործառույթների պահպանումն ու զարգացումը, պաշարների շարունակական և արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են առկա խնդիրներին հայեցակարգով առաջարկվող լուծումներին, հիմնական սկզբունքներին և քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Վարչապետն ընդգծել է, որ հայեցակարգը պետք է համալիր և հստակ լուծումներ առաջարկի անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության և մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման, ինչպես նաև առկա պատասխանատու կառույցների օպտիմալացման և գործունեության արդյունավետության բարձրացման համար: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լրամշակել հայեցակարգի նախագիծը հնչած առաջարկություններով և սեղմ ժամկետում ներկայացնել կառավարություն: