Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն դեմ է տաքսիներից դեղին համարանիշերը հանելուն. yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կառավարության` տաքսիներին վերաբերող նոր որոշմանը, ասաց ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Այդ դիրքորոշումը նա պարզաբանեց այն հանգամանքով, որ կան օրինական եւ անօրինական տաքսիներ, եւ այն տաքսիները, որոնք հիմա առանց դեղին համարների են շահագործվում, անօրինական են:
«Եվ ես համարում եմ ու համոզված եմ, որ ամեն մի պարկեշտ, օրինապահ քաղաքացի միշտ նախընտրում է օրինականից օգտվել, որովհետեւ օրինական տաքսիստները տարվա ընթացքում ծախսում են ամենաքիչը 120-130 հազար դրամ`ընթացիկ մուծումներով, որոնք հետո դառնալու են թոշակ կամ բանակին են գնալու: Իսկ անօրինականները այդ գումարները տնտեսում են, ու դրանք չեն հարկվում»,- պարզաբանեց Արմեն Պողոսյանը` նշելով, որ երբ կառավարությունն առաջարկում է դեղին համարների փոխարեն ներմուծել կպցնովի տարբերանշաններ` դեղին ստիկերներ, այդ դեպքում օրինապահ քաղաքացիներին դժվար կլինի միանգամից տարբերել անօրինական տաքսիները ու չօգտվել դրանց ծառայություններից:
Խոսելով տաքսիստների համար պարտադիր ամենօրյա բուժզննության եւ տաքսի ավտոմեքենաների ամենօրյա տեխզննման պահանջի վերացման մասին` մեր զրուցակիցը նշեց, որ հանրային խորհրդում այս հարցի քննարկման ժամանակ իր կողմից առաջարկվել է ոչ թե հանել այդ պահանջը, այլ ուղղակի դրա պարբերականությունը մեծացնել, որը չի ընդունվել:
«Գործող օրենքով եւ առողջապահության գործող օրենքներով բուժզննումը պարտադիր է ամեն օր: Մենք առաջարկում ենք հաճախությունը փոքրացնել` դարձնել շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ, իսկ առողջապահության փոխնախարարը, ով մասնակցել է այս հարցի քննարկմանը հանրային խորհրդում, նշել էր, թե իրենք կտրականապես դեմ են եւ համարում են, որ բուժզննումը պետք է անցկացվի ամեն օր: Հիմա մենք գիտենք, որ ամենօրյա բուժզննում չի կատարվում, բայց ընդհանրապես բուժզննման պարտադիր պահանջը հանելուն էլ դեմ ենք: Պետք է գտնվի այլ ձեւ»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Գրեթե նմանատիպ առաջարկ էլ եղել է տաքսի ավտոմեքենաների ամենօրյա տեխզննման պահանջի մասով` պարբերականությունը մեծացնել, այլ ոչ թե ընդհանրապես հանել պահանջը: Սակայն «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն» կառավարական կազմակերպությունը, որն էլ հենց այս բարեփոխումների հեղինակն է, երկու հիմնական փաստարկ ունի: Նախ` նրանք ասում են, որ միեւնույն է, բուժ- եւ տեխզննում չի կատարվում, ֆորմալ բնույթ է կրում, հետեւաբար ինչ իմաստ ունի այն պահելը, եւ երկրորդ` պետական այս կառույցը նշում է, որ ով ուզի ամենօրյա զննումներ անցկացնել, կանի առանց պահանջի: Բայց այս փաստարկները, սպառողների ասոցիացիայի նախագահի կարծիքով, սխալ են, քանի որ դրանով մարդկանց կյանքն է վտանգվում:
Yerkir.am-ի դիտարկմանը, թե` իրոք, չէր կատարվում ամենօրյա տեխ- եւ բուժզննությունների պահանջը, Արմեն Պողոսյանը արձագանքեց. «Եթե նույնիսկ զննումներն ամենօրյա չեն լինում, գոնե էլի ինչ-որ պարբերականություն պետք է մնան: Ամենակարեւորը` ես գտնում եմ, որ այն մարդիկ, ովքեր զբաղվում են այդ բարեփոխումներով, պետք է գործեն հակադարձ կապի սկզբունքով: Այսինքն` ամեն վթարն արձանագրվում է, իսկ այդ արձանագրությունից երեւում է` վթարը վարորդի առողջական վիճակի՞ պատճառով էր, մեքենայի տեխնիկական վիճակի՞, թե՞ այլ: Ու հակադարձ ձեւով այդ խնդիրը պետք է լուծվի: Օրինակ` պարտադիր ավտոապահովագրության պարագայում` այն դեպքերում, երբ վթարի պատճառը եղել է վարորդի առողջական վիճակը, կամ մեքենայի տեխնիկական վիճակը, այդ դեպքերում պետք է նրան ավելի բարձր գնով ապահովագրեն»:
Արմեն Պողոսյանը նշեց, որ օրենքներն ու որոշումները գործադրելու համար միշտ էլ մի ձեւ կա, պարզապես պետք է գտնել հարցերի լուծման ամենաօպտիմալ տարբերակը: Իսկ պահանջները հանելը, հղում կատարելով դրանց չիրականացմանը, սխալ մոտեցում է: