Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի հանրային պալատի անդամ, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մարկովը, ով հանդես է գալիս որպես նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ, ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, թե անցյալ տարի ԼՂ կարգավորման հարցով ձեռք բերված համաձայնության իրականցումը ձախողվել է Ադրբեջանում և հատկապես Հայաստանում առկա հայրենասիրական, ազգայնական տրամադրությունների պատճառով, չնայած երկու երկրների իշխանություններն էլ պատրաստ են փոխզիջումների այն սցենարով, որն առաջարկում է Ռուսաստանը: Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի առաջարկած ծրագրի իմաստն այն է, որ նախկին ԼՂԻՄ-ին հարակից, և ներկայումս Արցախի մաս համարվող 7 շրջաններից գոնե 5-ը վերադարձնելուց հետո պետք է սկսվեն բանակցությունները Արցախի կարգավիճակի շուրջ, քանի որ կողմերի միջև առկա հիմնական տարաձայնությունն այն է, որ Բաքուն պնդում է կարգավիճակի որոշման հանրաքվեն անցկացնել ողջ Ադրբեջանի տարածքում, իսկ հայկական կողմը՝ միայն ԼՂ-ում:
Օրեր առաջ Ադրբեջան էր այցելել ռուսաստանցի մեկ այլ քաղաքագետ, սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը, ով հայտնի է ռուսական կայսերապաշտական և շովինիստական ՝ ցինիզմի հասնող իր հայացքներով: Այդ այցի մոտիվներով ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ նա հարցազրույց էր տվել «НОВАЯ ЭПОХА» պարբերականին: Անդարադառնալով արցախյան հիմնահարցում Ռուսաստանի դերակատարությանը՝ Դուգինը, ով ևս հանդիսանում է պուտինյան Կրեմլի «պալատական» խոսափողը, նշել է, թե Ռուսաստանի տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, և հետխորհրդային բոլոր երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կախված է միայն Ռուսաստանի հետ նրանց հարաբերություններից:
«Արցախյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերը, մասնավորապես 7 շրջաններից գոնե 5-ի վերադարձումը Ադրբեջանին հիմնական թեմա է լինելու: Մենք գործնականում մոտենում ենք դրան, և համապատասխանաբար կոչնչացվեն բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում տրանսազգային միություններում սերտ համագործակցությանը: ...Արդ հարցը (շրջանների վերադարձը-հեղ) դիտարկվում է կարճաժամկետ օրկարգում, և այդ հինգ շրջանների փոխանցումը հանդիսանում է ամենահիմնականը «Լավրովի պլանում»: Մեր խումբը ևս այդ պլանին իր մասնակցությունն ունեցել է: Ես անձամբ եմ այն քննարկել Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի հետ: Այդ թեման ռուս-ադրբեջանա-հայկական դիվանագիտության օրակարգում է՝ Թուրքիայի և Իրանի լիակատար համաձայնությամբ»:
Մարկովի և Դուգինի տեսակետներն, իհարկե, նորություն չեն: 2016թ. օգոստոսին վերջինս իր հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարում էր, թե Ռուաստանի ներկայիս աշխարհաքաղաքականությունը թելադրում է Մոսկվա-Բաքու-Անկարա առանցքի անհրաժեշտությունը, որը չի բացառում Մոսկվա-Երևան շղթան և որ Հայաստանը պետք է համաձայնի հինգ շրջանները հանձնելու Լավրովի պլանին՝ առանց դրա դիմաց շատ բարձր և անիրատեսական գին պահանջելու:
Սակայն հետաքրրքականը Հայաստանից սեփական շահերը հանուն Ռուսաստանի գեոպոլիտիկ շահերի զոհաբերելու այս ցինիկ և մաքրամաքուր շովինիստական պահանջները չեն: Այլ այն է, որ ռուս քաղաքագետներն երկու կարևոր և մտահոգիչ բացահայտում են անում: Նախ՝ «Լավրովի պլան» այնուամենայնիվ, գոյություն ունի, որքան էլ մեկ ամիս առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անձամբ էր դա հերքում:
Ընդ որում՝ ակնհայտ է, որ այդ պլանի իմաստը բացառապես 5 շրջաննների վերադարձմամբ լուծելու փոխարեն կարգավորումն անորոշ ժամանակով առկախելն է: Երկրորդ՝ այդ պլանը ոչ միայն գտնվում է Մոսկվա-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու օրակարգում, այլև ըստ էության ընկալվում է, ինչպես այդ առանցքի վերջնական ձևովորման, այնպես էլ Ադրբեջանը ԵԱՏՄ-ին միացնելու հարցում միակ էական և հնարավորինս արագ չեզոքացման ենթակա խոչընդոտ:
Եթե նկատի ունենանք, որ անցած տարվա կեսերից ռուս-թուրքական հարաբերություններն սկսեցին վերականգնվել այն բանից հետո, երբ Ալեքսանդր Դուգինն այցելեց Անկարա, հասկանալի է դառնում, թե որքան լուրջ է «Լավրովի պլանի» իրականացմամբ ռուս-ադրբեջանա-թուրքական առանցքն ամբողջացնելու և Հայաստանը դրա գերին կամ մանրադրամը դարձնելու հարցում առկա համակողմանի տրամադրությունները: Այն պարզորոշ ցույց է տալիս, թե ռուս-թուրքական մերձեցումը որքան է մեծացնում Հայաստանի ամբողջականության և անվտանգության սպառնալիքը:
Գուցե հնարավոր լիներ Մարկովի և Դուգինի հայտարարություններին անլուրջ վերաբերվել, եթե ակնառու չլիներ, որ սա ուղորդվում է Կրեմլից: Վերջինս իր պալատական «սազանդարների» միջոցով ԼՂ կարգավորման «Լավրովի» կամ ռուսական «պլանը» ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող՝ հետապնդելով հակամարտող երկրների հասարակություններին դրան ադապտացնելու նպատակ: Հիշեցնենք որ Դուգինից առաջ, ապրիլին Ադրբեջանում էր մեկ այլ հայտնի ռուս փորձագետ, երդվյալ «պուտինիստ», հայության նկատմամբ որոշակի կանխակալ համակրանք ունեցող հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը:
Չնայած վերջինս մի քանի անգամ այցելել էր Արցախ, սակայն նա ոչ միայն Բաքվում Ալեքսանդր Լապշինի ճակատագրին չարժանացավ, այլև հանդիպեց նախագահ Ալիևին: Դրանից հետո Սոլովյովը ռադիոհաղորդման ժամանակ հայտարարեց. «Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ փոխզիջումների փնտրտուքը, որը շատ լավ գիտի Պուտինը, հնարավոր է: Հնարավոր է ոչ միայն բոլոր կողմերի հետաքրքրությունները բավարարող փոխզիջումը, որ կհանգեցնի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացմանը, ներդրումների ներհոսքին, այլև նույնիսկ այն, որ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը կհայտնվեն ընդհանուր տարածության մեջ, Ադրբեջանը կմտնի ԵԱՏՄ»:
Ըստ էության, Սոլովյովը ևս խոսում է ռուս-թուրք-ադրբեջանական առանցքի, «Լավրովի պլանի» և որ ամենաէականն է՝ Մոսկվայի առաջնային նպատակներից մեկի՝ Ադրբեջանը ԵԱՏՄ-ում ընդգրկելու՝ ԼՂ կարգավորմամբ բացվող հեռանկարի մասին: Ռուս պալատական սազանդարները խաղում են նույն լարերի վրա: Մոսկվան կրկին միացրել է Հայաստանի վրա ներգործելու իր ավանդական «փորձագիտական» պրոպագանդիստական մեքենան: Տարօրինակ չպետք է թվա, որ դա տեղի է ունենում Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ֆոնին:
Գևորգ Դարբինյան