Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց Վերահսկիչ պալատի միջոցով ԱԺ-ի կողմից իրեն նետված ձեռնոցը: Կառավարության այսօրվա նիստում նրա արած քաղաքական երեք հայտարարությունների իմաստը, ըստ էության, այն էր, որ չի պատրաստվում այդքան հեշտ ու հանգիստ քավության նոխազ և դավադրության զոհ դառնալ: Իսկ որ ԱԺ-ում ՎՊ հաշվետվության քննարկումը և բարձրացված աժիոտաժը հենց դավադրություն էլ ընկալում է, պարզորոշ ուրվագծվել է կառավարության նիստում արած հայտարարության հետևյալ մասից. «Մենք այս դահլիճում լսեցինք նախարարների հաշվետվությունները Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերի վերաբերյալ և շնորհակալություն հայտնեցինք Վերահսկիչ պալատին` համատեղ աշխատանքի համար։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում։ Եվ այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70 տոկոսը խիստ ռիսկային է և կոռումպցված ձևով է ծախսվում, վերաբերում է այս դահլիճում նստածներից յուրաքանչյուրին։ Պետական բյուջեի 70 տոկոսը` 700 մլրդը, դա նշանակում է, որ ասվածը վերաբերում է համատարած բոլոր ոլորտներին, ինչը չի կարող համապատասխանել իրականությանը»։ Փաստորեն, վարչապետը ՎՊ-ին մեղադրում է խորհրդարանի և կառավարության միջև երկակի խաղ խաղալու, դրա պատճառով իրականությունը խեղաթյուրելու մեջ, ինչում նա, ըստ էության, տեսնում է անձամբ իր և կառավարության դեմ ուղղված հստակ միտումներ:
Թեև ԱԺ քննարկումների ժամանակ ՎՊ նախագահը ներկայացրել էր միայն կոռուպցիոն դրսևորումների, յուրացումների, ապօրինությունների փաստեր, Տիգրան Սարգսյանը նրան մեղադրում է քաղաքական հայտարարություններ անելու, այսինքն` քաղաքական խնդիր լուծելու կամ դրանում գործիք դառնալու մեջ: Տիգրան Սարգսյանին խոցել է հատկապես այն փաստը, որ մեղադրանքները պաշտպանել է կառավարության հենարանը կազմող, նրա բոլոր նախաձեռնությունները դակող քաղաքական մեծամասնությունը: Հենց դրանում է վարչապետը տեսնում իր դեմ լարված դավադրությունը: Սա նշանակում, է որ ԱԺ-ում ՎՊ-ի հաշվետվության քննարկմամբ թեման ոչ թե փակվել է, այլ միայն բացվել:
Տիգրան Սարգսյանն անցնում է ինքնապաշտպանության` դրա համար ընտրելով թերևս ամենաարդյունավետ մարտավարություններից մեկը` հակահարձակումը: Բայց այն հանգամանքը, որ առճակատումը տեղի է ունենում ոչ թե իշխանություն-ընդդիմություն ճակատում, այլ իշխանության ներքին խմբակային թևերի միջև, կարող է գործընթացը վերածել իսկական փոթորկի` լրիվ անկանխատեսելի հետևանքներով: Խնդիրն այն է, որ Հայաստանում ձևավորված իշխանական համակարգը կառուցվում է միջխմբային ու միջանձնային մակարդակներում փոխադարձ շահերի ճանաչմամբ ու պաշտպանությամբ: Իշխանության խնդիրն այս ամենի ապահովագրումը, անձեռնմխելիության ապահովումն ու երաշխավորումն է: Այս համակարգն իրենից ներկայացնում է մի յուրահատուկ սարդոստայն, որտեղ կոռուպցիոն դրսևորումները, «ատկատներ»-ը խնամքով թաքցվում են հենց այն պատճառով, որ ուղղակիորեն շոշափում են իշխանության վերին ու միջին օղակների ներկայացուցիչների շահերը: Եթե, օրինակ, ՎՊ-ն պնդում է, որ հայտարարվող տենդերները ոչ մի պատահական կազմակերպություն չի շահում, նոմենկլատուրայում հրաշալի հասկանում են, թե դա ինչպես ու յուրաքանչյուր դեպքում ում անվան հետ է կապված լինում, և որքանով են դրանում ներգրավված նաև նույն Հովիկ Աբրահամյանը` իր հարազատներով ու շրջապատով հանդերձ, նույն մեծամասնության պատգամավորները, վարչապետը, ՎՊ նախագահը և մյուսները: Եվ այս իմաստով ԱԺ-ում տեղի ունեցածը կառավարության բոստանում միամիտ տեսքով «քյանդրբազություն» անել էր:
Փորձելով սլաքներն ուղղել վարչապետի դեմ` ԱԺ և ՎՊ նախագահները, փաստորեն, խառնեցին մեղվի փեթակը, խախտեցին ներքին փոխպայմանավորվածությունների այդ փակ համակարգը, որում իրենք բացարձակապես երկրորդական, երրորդական դերակատարում չունեն: Եվ հիմա վարչապետ Տիգրան Սարգսյանն անուղղակի ասում է հետևյալը. եթե հենց այդ փակ համակարգը խառնելու միջոցով եք ուզում դիվիդենդներ շահել, ուրեմն` պատրաստ եղեք նաև հետևանքներին ու դրանց համար պատասխանատվություն կրել: Դրա գուցե աղետալի հետևանքների մասին Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին զգուշացրեց դեռ ԱԺ քննարկումների ժամանակ` հրապարակ նետելով նրա եղբոր ընտանիքի կողմից գյուղացիների համար նախատեսված սուբսիդավորվող դիզվառելիքից օգտվելու մասին տեղեկատվությունը` հստակ հասկացնելով, որ եթե պրոցեսները շարունակվեն ծավալել սկսված տրամաբանությամբ, դա կարող է ընդամենը ավելի ծանր բացահայտումների «նախերգանք» լինել:
Սակայն արդյո՞ք Տիգրան Սարգսյանն ունակ է ու կարող է մինչև վերջ տանել այս խաղը: Առանց կառավարության անդամների, դա նրան անել չի հաջողվի, հետևաբար` առաջին պլան է մղվում այն հարցը, թե որքանով է կառավարությունն իսկապես Տիգրան Սարգսյանինը: Այս իմաստով, վերցնելով Հովիկ Աբրահամյանի նետած խայծը, Տիգրան Սարգսյանն առաջին հերթին փորձության է ենթարկում ինքն իրեն, որովհետև եթե նա չկարողանա ստանալ նախարարների օժանդակությունը, փաստացի ապացուցելու է, որ վարչապետ է առանց կառավարության, և որ ունակ չէ կառավարելու գործընթացները, քանի որ չունի քաղաքական աջակցություն: Տիգրան Սարգսյանը գործադիրում ունի յուրայինների մի փոքրիկ շրջանակ: Սակայն արդյոք այս ռեսուրսը բավարար կլինի՞ նման խոշորամասշտաբ օպերացիայի համար, դժվար է ասել, մանավանդ` նա գուցե նաև չգիտի` ինչպիսին է այդ շրջանակի` իրեն նվիրվածության աստիճանը: Սկսվածը, ըստ այդմ, ազդեցության մենամարտ է Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև:
Խիստ հատկանշական է, որ դա սկսվեց ու նման ընդգծված դրսևորումներ ունեցավ հենց այն ժամանակ, երբ իշխանության գլուխը` Սերժ Սարգսյան ըգտնվում է կարճատև արձակուրդում և առայժմ, կարծես թե, ընդգծված չեզոքություն է պահպանում: Դժվար է ասել` արդյոք դա պայմանավորվա՞ծ է «ծվատողների» առջև վարչապետին մենակ թողնելու և դրանով նրան հրաժարականի դրդելու տակտիկայով, թե՞ պարզապես խնդիրը անձնական ամբիցիաների դրսևորում է համարում ու լուրջ չի վերաբերվում դրան: Բայց ակնհայտ է, որ ներիշխանական ցնցումների տանող այս հակամարտությունը կանգնեցնելու բանալին գտնվում է հենց նրա ձեռքում: Եթե այս հակամարտությունն արհեստական չէ, ապա չի բացառվում, որ առաջիկայում ներիշխանական ճգնաժամ թույլ չտալու նկատառումով նա ստիպված լինի միջամտել:
Բոլոր դեպքերում վարչապետը երկու տարբերակ ունի: Առաջինը` գործընթացը տեղափոխել հայկական իրականության համար լրիվ օրինաչափ ու հազար անգամ փորձված կոմպրոմատային ճակատամարտերի ուղի: Սա նշանակելու է, որ նա ընդամենը իրեն քավության նոխազ դարձնողներին խելքի բերելու նպատակ է հետապնդում, իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ կառավարման համակարգը կարգավորելու, վերափոխելու տրամադրվածություն չկա, պարզապես խնդիր է դրված վերադառնալ նախկին «ստատուս քվոյին»: Երկրորդը, որը գոնե այս պահին թվում է խիստ անիրատեսական, կծիկը բացելն է, այսինքն` ՎՊ-ի բացահայտումների ամբողջ պատկերը վեր հանելը, բացահայտումներին իրավական ընթացք տալը, մեղավորներին, անկախ ռանգից, պատասխանատվության ենթարկելը: Սա պետության համար ամենաառողջ տարբերակն է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլև իշխանության թևերի հակակշռման սկզբունքով առաջնորդվելու իմաստով: Բայց գնալ այս ճանապարհով, նշանակում է չխուսափել «շնաձկներ» որսալու հեռանկարից: Իսկ դա մեր օրերում անհավանական է թվում, որովհետև, որպես կանոն, այս պետությունում հենց որսացողներն են պոտենցիալ որսերը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ