Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունները երեկ, չերկյուղելով անգամ օրվա խորհրդից, կրկին հանդես եկան հերթական պոպուլիստական, ինքնգովազդային քաղաքականությամբ, որը արդեն կարելի է համարել պետական միակ, առաջին ու վերջին քաղաքական ուղեգիծը:
Առավոտյան բոլորիս հուզած պապիկին արգելվեց մուտք գործել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ծաղիկ խոնարհելու: Եվ միայն երեկոյան, վարչապետի ցուցումով, Հ1-ի տեսախցիկների «հսկողությամբ» և ոստիկանների ուղեկցությամբ գնաց հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու:
Գործողությունների ամբողջ շղթան, ի շահ իշխանության, գավառամտորեն գովազդվեց վարչապետի և նրա նիկնոջ կողմից: Տպավորություն է, որ վարչապետն ամբողջ օրն անելիք չի ունեցել և ֆեյսբուքյան անցուդարձին հետևելով` գծագրել է հերթական գավառական քայլը՝ որպես «հպարտ քաղաքացիներին» մատուցվող հերթական հերոսություն:
Իհարկե, կարելի էր վարչապետի ու նրա կնոջ ֆեյսբուքյան գրառումներն ու հրահանգները չհամարել գավառամտություն ու քաղաքական դաշտում միավորներ հավաքելու հերթական ստացված փորձ, եթե ցերեկը հուշահամալիր մուտք չգործեին այնպիսի մարդիկ, որոնք, թող ներվի ասել, հայրենիք էլ չունեն: Այսինքն` ստացվում է, որ ոչ բոլորի համար էր հուշահամալիրի մուտքը փակ, և կարելի էր զառամյալ ծերունուն թույլ տալ` մոտենալ և հարգանքի տուրք մատուցել:
Բայց չարվեց, չարվեց, որպեսզի երեկոյան սկսվեն երկրի զարգացման բոլոր ոլորտներում գործնականում ոչ մի հաջողության չհասած, ամպագոռգոռ խոստումները հօդս ցնդեցրած իշխանությունների քաղաքական աճպարարություններն ու ծուռվիզությունները: Ավելին` արդեն այսօր տարածված լուսանկարում պարզ երևում է, որ անցած տարի այդ պապիկը ցեղասպանության հուշահամալիր է գնացել Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի թռուցիկը պարանոցից կախած: Վարչապետի հանդեպ պապիկի սերն այնքան մեծ է, որ վարչապետի նկարի հետ նրա պարանոցից միաժամնակ կախված է նաև ֆիդայիներից մեկի լուսանկարը: Այ քեզ համակրանք: Միով բանիվ` կասկածի նշույլ անգամ չունենալով պապիկի ջերմ հայրենասիրական զգացումների վրա, վստահ եմ, որ վարչապետն ու վարչապետապատկան ուժերը, այլ տարբերակ ու միջոց պարզապես չունենալով, օգտագործել են նրա զգացմունքները, տարիքն ու կերպարը` վարչապետի կործանվող վարկանիշը գոնե մեկ աստիճանով բարձրացնելու նպատակով:
Ցավում եմ, որ գործող իշխանությունների մակարդակն այնքան է իջել (իսկ երբևէ եղե՞լ է բարձր), այնքան անհույս ու անօգնական վիճակում են հայտնվել, որ ստիպված են դիմել նման էժանագին քայլերի` ստորաբար շահագործելով զառամյալ մարդու հայրենասիրական զգացումները:
Ավելին, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ հայոց ավանդույթներով ու չգրված օրենքներով պապիկ-տատիկները համարվում են ընտանիքի, գերդաստանի սրբությունը, ապա քաղաքական շահարկումների մեջ նրանց ներքաշելը կամ սեփական ամբիցիաների բավարարման մեջ ցինիկավարի օգտագործելը՝ ոչ այլ ինչ է, քան սրբապղծության հավասար մի բան։
Այդ մարդկանցից արդեն ամեն ինչ սպասելի է, և այս խայտառակ ներկայացումն առաջինը չէր. երկու տարի առաջ այս օրերին, Հայաստանի Հանրապետության հրապարակում, ոտնակոխ անելով ամեն սրբություն, բեմ բարձրացվեց մի խեղկատակ, էժան բիձա (ծերունի բառին արժանի չէ նա) և ներկայացավ, որպես մեր ժողովրդի հերոս զավակ Ռոբերտ Աբաջյանի պապ:
Այսքանից հետո, եթե մարդիկ չեն տեսնում գործող իշխանության աճպարարություններն ու ցածրության մակարդակը, ապա դա խոսում է ոչ թե այդ ամենի բացակայության մասին, այլ այն դառը իրողության մասին, որ արդեն մեր մեջ աճում է հոգով ու մտքով կույրերի քանակը:
Ի դեպ, եթե պապիկի մասին այդքան շատ էին մտածում, գիշերվա կեսին ձեռքին ծաղիկներ դնելուց առաջ լավ կլիներ նրան մի դիմակ ու մի զույգ ձեռնոց էլ տալ. մարդը ռիսկային խմբում է, վերջիվերջո:
Հ.Գ. Նյութը տեղադրելուց առաջ համացանցում նկատեցինք տեսանյութ, որտեղ իշխանությունը, կրկին շահարկելով տարեց մարդու սոցիալական ծանր վիճակը՝ ամեն հնարքի դիմում է՝ վարչապետի մասին գովեստի խոսքեր կորզելու համար։ Եվ այդ ամենը՝ հանուն իշխանության վարկանիշի:
Պարզորոշ է՝ բարեգործություն ասվածը չի տեղավորվում այս տեսանյութի բովանդակության մեջ, և այն ավելի շատ իշխանական ճղճիմ, բարոյական գրված և չգրված կանոնների մեջ չտեղավորվող քարոզչություն է, քան` բարեգործություն կամ արակցություն: Հուսով եմ` իշխանական բարեգործները չեն մոռացել միացնել պապիկի լույսն ու գազը` պարտավորվելով վճարել հետագա ծախսերը:
Գևորգ Գյուլումյան