կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 18:58
Տնտեսական

Քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության փոփոխությունը նշանակալիորեն չի տարբերվում ընթացիկ տատանողականությունից. ԿԲ

Քառօրյա պատերազմի ժամանակ ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության փոփոխությունը նշանակալիորեն չի տարբերվում ընթացիկ տատանողականությունից. ԿԲ

Ինչպես բոլոր եվրոպարտատոմսերի, այնպես էլ ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությանը բնորոշ է որոշակի տատանողականություն, որն արդյունք է ներդրողների կողմից ռիսկի գործոնների նկատմամբ դրսևորած արձագանքի: ՀՀ եվրոպարտատոմսն ունի նաև առօրյա բնականոն տատանումներ, որոնք գործնականում չափվում են ստանդարտ շեղման ցուցանիշի միջոցով: Վերջինս իրենից ներկայացնում է միջինի նկատմամբ միջին օրական փոփոխության բացարձակ մեծությունը և 4 տարի ժամկետայնության ՀՀ եվրոպարտատոմսի օրական շարքերի համար[1] կազմում է 65 բազիսային կետ:

2016 թվականի ապրիլի 2-5-ը արցախա-ադրբեջանական սահմանին լարվածության աննախադեպ աճի հետևանքով ՀՀ 4 տարի ժամկետայնությամբ եվրոպարտատոմսի եկամտաբերությունն աճել է 23 բազիսային կետով, որը, կարծում ենք, համահունչ է ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության առօրյա բնականոն փոփոխություններին: Կից ներկայացվող գծապատկերը հաստատում է, որ ապրիլյան իրադարձությունների ժամանակ ՀՀ եվրոպարտատոմսի եկամտաբերության փոփոխությունը նշանակալիորեն չի տարբերվում ընթացիկ տատանողականությունից:
Կարևոր է նշել, որ նախկինում սահմանային լարվածության միջադեպերը ՀՀ եվրոպարտատոմսի վրա ունեցել են առավել նշանակալի ազդեցություն, մասնավորապես.
  • 2014 թվականի օգոստոսի 1-5-ին հայ ադրբեջանական սահմանին լարվածության աճին ՀՀ եվրոպարտատոմսն արձագանքել է 74 բազիսային կետով,
  • 2014 թվականի նոյեմբերի 12-ին հայկական ուղղաթիռի խոցման հետևանքով լարվածության աճին՝ 33 բազիսային կետով,
  • 2015 թվականի օգոստոսի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությանը Արցախն ուժով հետ վերադարձնելու վերաբերյալ՝ 41 բազիսային կետով,
  • 2015 թվականի սեպտեմբերի վերջին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին՝ 43 բազիսային կետով:
Ինչպես տեսնում ենք, սկզբնական շրջանում ՀՀ եվրոպարտատոմսի արձագանքը սահմանային լարվածության միջադեպերին եղել է ավելի կտրուկ, սակայն ժամանակի ընթացքում ներդրողների կողմից տարածաշրջանային իրադարձությունների և ռիսկերի առավել մանրամասն ուսումնասիրության արդյունքում շուկայի արձագանքը նմանատիպ իրադարձություններին դարձել է առավել հավասարակշռված:
 
Գծապատկեր. ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը

Հատկանշական է, որ տարվա սկզբից ՀՀ եվրոպարտատոմսերի եկամտաբերությունները, ինչպես նաև ՀՀ դրամով պետական պարտատոմսերի եկամտաբերությունները, անկախ ապրիլյան դեպքերից, նվազել են:

ՀՀ Կենտրոնական բանկ