կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-03 11:13
Հասարակություն

Մամուլի ազատության օրն է

Մամուլի ազատության օրն է

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է:

 

 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Հռչակագրում ընդգծվում էր, որ ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:


Ամերիկյան հեղինակավոր Freedom House կազմակերպությունը 1980-ից ուսումնասիրում է մամուլի ազատության իրավիճակն աշխարհի տարբեր երկրներում եւ հրապարկում տարեկան զեկույցներ:


Այս տարի հրապարակված «Մամուլի ազատություն-2015» զեկույցում  նշվում է, որ 2014թ. մամուլի ազատությունն աշխարհում հասել է վերջին տասնամյակում  ամենացածր մակարդակին: Նշվում է, որ  ներկայում երկրագնդի բնակչության միայն 14%-ն է ապրում պետություններում, որտեղ քաղաքական լուրերի լուսաբանումը հուսալի է, լրագրողների անվտանգությունը երաշխավորված է, լրատվամիջոցների աշխատանքին պետության միջամտությունը նվազագույն է, և մամուլը չի ենթարկվում իրավական կամ տնտեսական ծանր ճնշումների:


Զեկույցում դիտարկված 199 պետություններից և տարածքներից ընդհանուր 63 երկիր մամուլի ազատության տեսնակյունից գնահատվել է ազատ, 71 երկիր` մասամբ ազատ և 65 երկիր` ոչ ազատ:


Ամենաազատ մամուլն ունեցող երկրներն են Նորվեգիան, Շվեդիան, Բելգիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Դանիան, Լյուքսեմբուրգը, Անդորրան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը:

Ցուցակի ամենավերջում Հյուսիսային Կորեան է:

ԱՄՆ-ը 31-րդ տեղում է եւ համարվում է  ազատ մամուլ ունեցող երկիր, Ռուսաստանը «ոչ ազատ»-ների շարքում է՝  180-րդ հորիզոնականում է:


Հայաստանը 61 միավորով 135-րդ տեղում է` որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր: Մեր երկիրն այս հորիզոնականը կիսում է Ալժիրի հետ:

 Իրանը 190-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 188-րդ, Թուրքիան 142-րդ. այս երեք երկրները նույնպես համարվում են ոչ ազատ: Տարածաշրջանում միակ  մասամբ ազատ մամուլ ունեցող երկիրը, ըստ Freedom Hous-ի, Վրաստանն է, որը զբաղեցնում է 93-րդ հորիզոնականը:

 

Նշենք, որ  Հայաստանի Հանրապետությունում խոսքի եւ մամուլի ազատությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամ 27-րդ հոդվածով. «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը՝ տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը»։