Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ելք» դաշինքի անդամ, Երևանի ավագանու ընտրությունների թեկնածու Դավիթ Խաժակյանը լրագրողներին ներկայացրեց իր կուսակցության ծրագրերն ու անելիքները: Նրա խոսքով` «Ելք»-ի ծրագրում առանձնացված է երեք դրույթ` տրանսպորտ, ասֆալտապատում և կոմունալ ոլորտ:
Տրանսպորտի ոլորտի վերաբերյալ Դավիթ Խաժակյանը նշեց, որ մեծամասնություն ունենալու դեպքում մտադիր են ավտոբուսների քանակը հասցնել 80 տոկոսի, հիմա ավտոբուսների քանակը տրանսպորտային միջոցների 40 տոկոսն է: Մտադիր են բարեկարգել կանգառները, կարգի բերել ու կայունացնել չվացուցակները, պայքարել խցանումների դեմ, սկսել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը:
«Մենք տեսնում ենք այն ֆինանսական միջոցները, որոնցով կսկսենք նոր կայարանի կառուցումը: Այդ ցանցը կարող է սպասարկել Աջափնյակ և Դավիթաշեն համայնքը, ինչը զգալի կթեթևացնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը»,- ասաց Դավիթ Խաժակյանը:
«Ելք»-ի անդամները ունեին մոտավոր հաշվարկներ, թե որքան կարժենա մետրոպոլիտենի նոր կայարանի շինարարությունը` մոտ 250 միլիոն եվրո: Ըստ Դավիթ Խաժակյանի` այդ գումարը կրկնակի գերազանցում է Երևանի բյուջեն, սակայն, քանի որ մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը «Ելք»-ը համարում է առաջնային, ուստի ծրագրում պետք է ներգրավի կառավարությանը` փորձելով միջազգային վարկերի, բյուջեից լրացուցիչ հատկացումների միջոցով ընթացք տալ այդ հարցին: Նրա կարծիքով` նոր կայարանը հնարավոր կլինի կառուցել 5 տարվա ընթացքում:
Ասֆալտապատման բնագավառում պետք է վերանայել տենդերների մեխանիզմը, քանի որ այդտեղ կան կոռուպցիոն դրսևորումներ: Տենդերին մասնակցող ընկերությունները պետք է ունենան նաև ճանապարհի շահագործման երաշխիքներ` 2-3 տարվա ընթացքում սպասարկելով ասֆալտը: