Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ ապրիլի 21-ին, մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով իրենց ծրագրերը, շեշտեց, որ իրենց քաղաքական ուժը Երևան քաղաքի առաջնային խնդիր է համարում տրանսպորտի հարցը: Նրա խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են, ինչպես տրանսպորտի, առողջապահության, քաղաքաշինության, այնպես էլ շատ այլ ոլորտներում:
«Ամեն տարի փուչիկներ են բաց թողնում, զարդարանքներ են պատվիրում, նշում Երևանի երկու հազար քանիերորդ ամյակը, բայց Երևանի՝ հարյուր տարվանից ավելի հին շենքերը քանդում են»,- ասաց Սիմոնյանը:
Նա նաև հիշեցրեց, որ իրենց քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերին առաջարկել էր բանավեճի միջոցով քաղաքացիներին ասել իրենց ասելիքը, բայց իշխող կուսկացությունը հրաժարվել է բանավեճից: Ըստ Սիմոնյանի` դրա պատճառն այն է, որ նրանք ասելիք չունեն, պատրաստ և ունակ չեն բանավեճի: «Երևանցին պետք է կրկին ականատես լինի միայն թաղային հեղինակությունների շփումների և թեկնածուի՝ թաթիկով անելուն, բակերում փուչիկներ բաց թողնելուն»,- ասաց նա:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծեց, որ եթե քաղաքացին ինչ-ինչ պատճառներով չընտրի «Ելք»-ին, պետք է ընտրի «Երկիր ծիրանի»-ին, երրորդ տարբերակը, ըստ նրա, Երևան քաղաքի կործանումն է:
Նա կարծիք հայտնեց, որ այս ընտրությունների ընթացքում ավելի քիչ ընտրակաշառք կբաժանվի, քան խորհրդարանական ընտրությունների ընթացքում: Դրա պատճառներից մեկն էլ, ըստ Սիմոնյանի, այն է, որ միջոցները սպառվել են:
Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս են պատկերացնում տրանսպորտի խնդրի կարգավորումը, Սիմոնյանը նախ ասաց, որ այդ խնդիրը մի քանի լուրջ խնդիրների հանրագումար է, ապա շեշտեց, որ պայքարելու են բոլոր այդ խնդիրների լուծման համար: «Երևանի ավտոպարկում կա առնվազն 200 ավոտբուս, բայց նրանց թույլ չի տրվում դուրս գալ երթուղի, որովհետև կխանգարեն որոշ սեփականատերերի պատկանող գծերի ընթացքին: Ուզում եմ հիշեցնել, որ ես և իմ ընկեր Հայկ Մարությանը երեք տարի առաջ պայքարում էինք 100 դրամների համար, մեզ ասում էին, որ եթե գինը չբարձրացվի, տրանսպորտը վեց ամիս հետո կվերանա: Այդ օրվանից անցել է երեք տարի, բայց որևէ բան չի փոխվել»,- նշեց նա: Սիմոնյանը նաև ասաց, որ իրենց ծրագրերի մեջ է մտնում առնվազն հինգ տարում մետրոպոլիտենի ևս մեկ կայարանի բացումը:
«Երկիր ծիրանի»-ից Տիգրան Պողոսյանն էլ նշեց, որ Երևանի կառավարման համակարգը հիմնված է կոռուպցիոն համակարգի վրա, և ամենաառաջինը պետք է դա կանխել: Նա նույնպես ընդգծեց, որ Երևան քաղաքի կարևորագույն խնդիրներից է տրանսպորտի հարցը, և իրենց քաղաքական ուժը պայքարելու է այդ ոլորտի բարեկարգման համար: Պողոսյանի խոսքով՝ պետք է շտկվի այն հանգամանքը, որ տրանսպորտի գծերը պետությանը չեն պատկանում, այլ` մեկ սեփականատիրոջ, չինովնիկի: «Բոլոր գծերը պետք է լինեն պետական, քաղաքապետարանի բյուջեն բավական է»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսում են մետրոյի ևս մեկ կայարանի բացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ տանել:
Պողոսյանը նաև շեշտեց, որ իրենք ճանաչման խնդիր չունեն: «Մենք ունենք Զարուհի Փոստանջյան, որին ամբողջ հայությունն է ճանաչում, տասը տարվա մեջ բոլորն էլ տեսել են՝ ով է Զարուհի Փոստանջյանը: Մենք ունենք շատ համակիրներ»,- ասաց նա:
Պողոսյանը նաև ասաց, որ ՀՀԿ-ին են համարում մրցակից: ««Ելք»-ին չենք համարում հակառակորդ, մենք դուրս ենք գալիս նույն տանից, դուրս ենք եկել A կետից, բայց գնում ենք տարբեր ճանապարհներով»,- ասաց նա: